Հերթեր ու խցանում՝ հայ-վրացական սահմանին. ի՞նչ վիճակ է հիմա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայ-վրացական սահմանին հերթեր են, մարդիկ ժամերով չեն կարողանում հատել սահմանը ու հասնել բաղձալի Թբիլիսի՝ Ամանորը նշելու:
«Երկու ժամ է սահմանին կանգնած ենք, մեկ մետր անգամ առաջ չենք շարժվել: Էս տեմպերով հազիվ երեք-չորս ժամից կարողանանք անցնել... կամ էլ չգիտեմ: Ճիշտ է, պարեկները փորձում են կարգավորել իրավիճակը, որպեսզի առանց հերթ առաջ անցնողներ չլինեն, որոնց նյարդերը տեղի են տալիս կամ տենց, իբրև, վռազ են, բայց մեկ է՝ հույս չկա, որ առաջիկա ժամերին մենք կկարողանանք հատել սահմանը»,- փոխանցեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ տարածքի խանութպաններից մեկը նշել է, որ երեկվանից է այս վիճակը, թեև երեկ ավելի թեթև է եղել՝ դեռ աշխատանքային օր էր, իսկ այսօր և վաղը սարսափ է լինելու, բոլորը շտապում են Վրաստան:
«Ինձանից երկու մեքենա այն կողմ մեկը ֆռաց հետ գնաց, ասաց՝ Ալավերդի հյուրանոցում այսօր կմնա, առավոտյան կփորձի լուսադեմին գալ անցնել, թեև Թբիլիսիում փաթեթով արդեն այսօրվա համար վճարած է: Բայց ես իրեն չեմ մեղադրում, ահավոր է, մարդիկ երեխաների հետ են, հոգնում են, լացում են, բոլորը նյարդային են»,- ասաց նա:
Մեր զրուցակիցը նաև նշեց, թե լսել է, որ որոշ անձինք այս իրավիճակը փորձում են օգտագործել գումար վաստակելու համար: Ըստ իրեն հասած տեղեկությունների՝ մարդիկ առաջարկում են 5000 դրամի դիմաց «այլ ճանապարհով տանել, սահմանն անցկացնել»: