ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ…ամերիկյան ֆուտբոլ

ՖՈՏՈ

Ամերիկյան ֆուտբոլը Ամերիկայի ամենահայտնի սպորտաձևն է, և միայն բեյսբոլը կարող է մրցել նրա հետ հանրաճանաչության առումով։ Դա բուհերի և քոլեջների դպրոցականների և ուսանողների սիրելի խաղն է, դա նաև Ամերիկայի հայտնի խորհրդանիշներից մեկն է։

Ամերիկյան ֆուտբոլի ծննդյան վերաբերյալ մի քանի վարկած կա։ Կարծիք կա, որ այն առաջացել է 1823 թվականին անգլիական Ռեգբի քաղաքում, երբ Ֆուտբոլի խաղի ընթացքում խաղացողներից մեկը խախտել է կանոնները և վազել դեպի մյուս թիմի դարպասը ձեռքերում պահելով գնդակը։ Հենց դա էլ այն նոր խաղերի զարգացման սկիզբն է եղել, որոնց թվում են ռեգբին և ամերիկյան ֆուտբոլը։ Ճիշտ է, կա ևս մեկ այլ, պաշտոնական վարկած, ըստ որի ամերկյան ֆուտբոլի ծնունդը եղել է 1869 թվականի նոյեմբերի 6-ին, երբ ֆուտբոլային խաղադաշտում հանդիպել են Ռութգերսի և Փրինսթոնի համալսարանների թիմերը։ Հանդիպումն անց է կացվել շատ անորոշ կանոններով, որոնք հիշեցրել են թե՛ ռեգբին, թե՛ եվրոպական ֆուտբոլը։ Ենթադրվում է, որ դա էլ ամերիկյան ֆուտբոլի առաջին խաղն է եղել։

Հետագայում նոր խաղը դուր է եկել մարդկանց, նրա ժողովրդականության սահմաններն ընդլայնվել են։ «Ամերիկյան ֆուտբոլի հայր» է համարվում Ուոլթեր Քեմփը, ով ֆիքսել է կանոններ և ներմուծել խաղի նոր չափանիշներ։ Սակայն չնայած դրան, ամերիկյան ֆուտբոլում եղել են բազմաթիվ վտանգավոր ուժային շարժումներ, որոնք հանգեցրել են խաղացողների լուրջ վնասվածքների, և նույնիսկ մահացության դեպքերի: Արդյունքում ոչ միայն հասարակությունն էր պահանջում փոխել խաղի կանոնները, այլ նաև նման պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ի նախագահ Թեոդոր Ռուզվելտը։ Արդյունքում փոխվել են կանոնները, մտցվել են կոպիտ խաղի համար խիստ տույժեր, խաղացողների թիվը 15-ից կրճատվել է մինչև 11-ի, առաջին անգամ ի հայտ է եկել պաշտպանական խաղաձևը, խաղի մարտավարությունը մաքուր ուժայինից փոխվել է արագությանը։

Ամերիկյան ֆուտբոլը թիմային խաղ է գնդակով։ Հարկավոր է հակառակորդի դաշտում գնդակը տեղափոխել դեպի վերջնամաս և միավորներ վաստակել։ Առավելագույն միավորներ հավաքած թիմը հաղթում է: Խաղն անցկացվում է 53 մ երկարությամբ և 49 մ լայնությամբ խաղադաշտում, դաշտի ծայրերում անցնում են դարպասային գծեր, որոնց միջև հեռավորությունը 100 յարդ է։ Դաշտի երկու ծայրերում (սահմանների վրա) դարպասներ են՝ բաղկացած 2 սյունից և նրանց միջև խաչաձողից՝ տեղադրված 3 մ բարձրության վրա, սյուների միջև հեռավորությունը 5-6 մետր է։ Նրանց միջև անցակետի վրայով թռչող գնդակը համարվում է գոլ: Յուրաքանչյուր թիմից խաղադաշտում լինում է 11 խաղացող, որոնք հարձակողական, պաշտպանության և հատուկ խաղացողներ են: Ամբողջ խաղի շրջանը բաղկացած է 4 հիմնական մասերից՝ յուրաքանչյուրը 15 րոպեանոց: Եթե ​​հիմնական ժամանակի վերջում հաշիվը հավասար է, ապա մրցավարը նշանակում է լրացուցիչ 15 րոպե: Հաղթանակը բաժին է ընկնում այն ​​թիմին, ով առաջինն է միավորներ վաստակում:

Ամերիկյան ֆուտբոլի տարատեսակներից են փակ և կանադական ֆուտբոլները: Փակ ֆուտբոլը տեղի է ունենում հատուկ սարքավորված դահլիճում, այլ ոչ թե խաղադաշտում, այն հանրաճանաչ է ամերիկացի ուսանողների շրջանում: Կանադական ֆուտբոլը խաղում են Կանադայի ֆուտբոլային լիգայում։ Դրա ամերիկյան ֆուտբոլից հիմնական տարբերություններն են դաշտի չափերը, խաղադաշտում խաղացողների թիվը, դարպասի գտնվելու վայրը, գնդակին տիրող թիմի փորձերի քանակը և մի քանի այլ կանոնները։

Ամերիկյան ֆուտբոլի պաշտպանիչ սարքավորումների առաջին տարրերը եղել են վահաններով վարտիքները, իսկ 1939 թվականից կաշվե սաղավարտն է դարձել պարտադիր։ Այսօր պարտադիր են նաև երկարաճիտ կոշիկները, ծնկների բարձիկները, ձեռնոցները, ակնոցները, կոնքերի պաշտպանությունը։ Բացի այդ, օգտագործվում են սարքավորումներ, որոնք պաշտպանում են մարմնի այլ մասերը, քանի որ Ամերիկյան ֆուտբոլն այսօր էլ բավականին վտանգավոր և ագրեսիվ սպորտաձև է։

Ամերիկյան ֆուտբոլում առաջին գնդակները կլոր էին և շատ անհարմար նետելու ու պահելու համար: Լավագույնը այն գնդակն էր, որն օգտագործվում էր ռեգբի խաղալու համար։ Ճիշտ է, և այդ գնդակն է փոփոխության ենթարկվել: Ամերիկյան ֆուտբոլի գնդակի ծայրերն ավելի երկարավուն են, քաշը և չափերը  պակասեցված են, բացի այդ կաշվից է շագանակագույն՝ սպիտակ գծով։

Դեռ 1920 թվականին Ամերիկայում ստեղծվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցիացիա, 1922 թվականին այն փոխել է իր անունը՝ դառնալով Ազգային ֆուտբոլային լիգա։ 40 տարի անց է հայտնվել նրա մրցակիցը՝ Ամերիկյան ֆուտբոլի լիգան։ 1970 թվականին այդ երկու լիգաները միաձուլվել են։ Ամերկյան ֆուտբոլի խաղերը ԱՄՆ-ում ամենահայտնի մրցումներն են, ունեն մեծ թվով երկրպագուներ և սիրողական ֆուտբոլիստներ, և հատկապես ուսանողության կողմից: Յուրաքանչյուր համալսարան ունի ամերիկյան ֆուտբոլի իր թիմը, որոնց ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 600: Ներկայումս  ամերիկյան ֆուտբոլը նվաճել է հարյուր միլիոնավոր երկրպագուների ժողովրդականությունը բոլոր հինգ մայրցամաքներում:

Нет описания.

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular