Որդուս խմբով սպանել են, բայց մեղադրվում է միայն 1 անձ, այն էլ` մեկ անգամ հարվածելու համար. ծնողները բողոքում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNEWS.am-ը գրում է.
2014թ. հոկտեմբերի 3-ին մահացած հայտնաբերված 22-ամյա Ժորա Ավետիսյանի ծնողները շարունակում են պնդել, որ իրենց որդուն ծեծելով սպանել են մի խումբ անձինք:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ժորայի ծնողները վստահեցրին, որ քննիչներն ամեն ինչ արել են գործը կոծկելու համար:
«Սեպտեմբերի վերջին, երբ որդիս տանն էր, բերդից ինչ-որ Հարութ անունով մեկն է զանգել, որդուս մականունով է դիմել, որդիս էլ խնդրել է այդ կերպ իր հետ չխոսել: Հոկտեմբերի 3-ին ժամը 5-ի կողմերը որդուս կրկին զանգել են, թե դու գողական տղու հետ էդ տոնով խոսելու իրավունք չունես, քեզ կգանք կտեսնենք: Հետո տղաս տնից դուրս եկավ, թե հեսա հետ կգամ ու էլ չենք տեսել տղայիս»,- պատմեց Ժորայի մայրը` Սվետա Մելքոնյանը:
Մոր պատմելով, երբ որդին իջել է շենքի բակ, նրան է մոտեցել Հարութի եղբայրը եւ առաջարկել գնալ Ռոբոտների գործարանի տարածք` «խոսելու համար»: Երբ հասել են այնտեղ, մի խումբ անձինք սկսել են ծեծել իր որդուն, ապա թողել ու հեռացել:
“Ժորայիս հետ նաեւ մեր հարեւան Սլավիկն է եղել, որն է մեզ այս ամենը պատմել, բայց հետո չգիտես ինչու, փոխեց ցուցմունքը»,- նշեց մայրը:
Մի քանի ժամ Ժորային փնտրելուց հետո ծնողներն իմացել են, որ նա մահացել է. հուղարկավորության ժամանակ, ըստ Սվետա Մելքոնյանի, իրենք չեն իմացել, թե Ժորան ինչից է մահացել. «Մեզ վստահեցրին, թե ինսուլտից է մահացել, բայց մեզ համար մութ էր, թե ինչու պետք է այդ առողջ տղան ինսուլտից մահանա: Երբ մարմինը բերեցին տուն, տեսանք, որ դեմքի վրա կապտուկներ, քերծվածքներ կային»:
2 շաբաթ անց Ավետիսյանները ոստիկանության Շենգավիթի բաժին են դիմել եւ հաղորդում տվել, որ նման դեպք է տեղի ունեցել: Քննիչը վստահեցրել է, թե ամեն ինչ կանեն դեպքի հանգամանքները պարզելու համար: Մի քանի օրից քննիչը կրկին զանգահարել է, թե նյութերն ուղարկվել են Մալաթիա- Սեբաստիայի բաժին, որտեղից հետ են ուղարկում նորից Շենգավիթի բաժին:
«Մի քանի ամիս շարունակ ոչինչ չէր արվում, մենք բողոք ներկայացրինք, որից հետո գործն այլ քննիչի տվեցին: Մեկ էլ պարզվում է` նյութերն ուղարկել են Կենտրոնական քննչական բաժին: Այստեղ էլ մի քանի ամիս շարունակ տեւած քննության ընթացքում պարզվում է, թե որդիս չի մահացել ծեծի հետեւանքով, այլ ինքն ունեցել է մանկական հիվանդություն եւ մահացել է երակի տրաքելուց»,- ասաց մահացած երիտասարդի հայրը` Հայկ Ավետիսյանը:
Ավետիսյանները, սակայն, համոզված են, որ իրենց որդին ոչ մի հիվանդություն չի ունեցել. իրենք համապատասխան բժշկական փաստաթղթերն են վերցրել պոլիկլինիկայից, որ Ժորան առողջ է: Ծնողների խոսքով` եթե իրենց որդին հիվանդություն ունենար, բանակում չէր ծառայի, ձուլարանում չէր աշխատի:
«Ստացվում է` որդուս ծեծելով սպանում են, սակայն մեզ ասում են` հիվանդություն է ունեցել եւ դրանից է մահացել: Բայց ո՞նց կարող էր նման բան լինել: Սպանություն որակվելու փոխարեն որակվել է որպես ծեծ, այսինքն Հովհաննես Թադեւոսյանն ընդամենը մի անգամ ապտակել է, հետո Ժորան վատացել է, ընկել ու մահացել, այդքան բան»,- նշեց Հայկ Ավետիսյանը:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Հովհաննես Թադեւոսյանը 2014թ. հոկտեմբերի 3-ին ժամը 19:30-ի սահմաններում Ռոբոտների գործարանի հարակից տարածքում ծեծի է ենթարկել նույն թաղամասի բնակիչ Ժորա Ավետիսյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Գործը քննվում է Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
«Որդուս սպանել են, սակայն մեղադրվում է միայն Հովհաննեսը, այն էլ` միայն մեկ անգամ հարվածելու համար: Մենք ուզում ենք, որ մեղավորները պատժվեն»,- նշեց հայրը: