ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական ամբիցիաներն ու հայկական կամակատարները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն փաստը, որ ցանկացած պետություն առաջին հերթին առաջնորդվում  է բացառապես սեփական շահերով և աշխարհաքաղաքական գործընթացներում առաջ տանում զուտ անձնական տիրույթում շոշափվող թեմաներ, ապացուցման կարիք չունի․ պատմությունը դա քանիցս ապացուցել է անհերքելի փաստարկներով։ Դրա համար բնավ կապ չունի ոչ պատմական փուլը, դա բնական գործընթաց է, որը փաթեթավորվում է համապատասխան ժամանակահատվածին բնորոշ սոուսով։ Նման մի իրավիճակ է հարավկովկասյան տարածաշրջանում ձևավորված նոր աշխարհաքաղաքական փազլը, որտեղ աշխարհաքաղաքական բևեռներն ու տարածաշրջանում հաստատվել ցանկացող շրջանկաները խաղում են սեփական պարտիան։ 

Փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում վերը նշված շրջանակներում Թուրքիայի շահերի և մեր տարածաշրջանի զարգացումների շուրջ։ Չնայած Թուրքիան շարունակում է Հայաստան-Ադրբեջան բանակցություններում աջակցել Ադրբեջանին և միակողմանի քաղաքականություն վարել, ԱՄՆ-ն ողջունում է Թուրքիայի, իբրև թե արդյունավետ, դերն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին օրերս հայտարարել էր ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք ողջունում ենք Թուրքիայի արդյունավետ դերն այս հակամարտության կարգավորման հարցում և համաձայն ենք Ֆիդանի այն խոսքերի հետ, որ խաղաղությունը հնարավոր է: ԱՄՆ-ն սատարում է երկու կողմերի ուղիղ բանակցություններին՝ խաղաղության հասնելու համար»,- ասել է Միլլերը:

Նշենք, որ վերջրես Ադրբեջանում գտնվող Հաքան Ֆիդանն ասել էր, որ հաջորդ շրջանը պետք է դառնա Հարավային Կովկասում կայունության սկիզբը։ «Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կբարելավվեն այն բանից հետո, երբ կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները»,- ասել էր նա։ Բացի այդ Թուրքիայի գլխավոր դիվանագետը նաև հայտարարել էր, թե Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացման հարցում որոշում կկայացնի Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունների արդյունքներով, այսինքն՝ շարունակելով հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքներով։

Ըստ էության, զարմանալի չէ ո՛չ ԱՄՆ Պետքարտուղարության, ո՛չ էլ Թուրքիայի ԱԳ նախարարության դիրքորոշումը։ Իրականում մինչ ՀՀ-ում որոշում են փոխել արտաքին քաղաքական վեկտորը՝ ՀՀ ազգային անվտանգային շահերը տեսնելով Արևմուտքում, նման խոշոր երկրները, ինչպիսին Թուրքիան և ԱՄՆ-ն են, չեն փոխում իրենց արտաքին քաղաքական սկզբունքները և շարունակում են առաջ գնալ սեփական օրակարգով։

Ի դեպ՝ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ն, Իրանը հետսովետական շրջանում չեն փոխել իրենց արտաքին քաղաքականության ուղենիշները, դրանցում գուցե ժամանակ առ ժամանակ շեշտադրումներ են փոխվել, բայց ռազմավարական նշանակության շահերը չեն փոփոխվել։ Սա լավագույնս ցույց է տալիս, որ որքան էլ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում, պայմանավորված ԱՄՆ վարչակազմերով, պատահում են լարվածության շրջաններ, այնուամենայնիվ ԱՄՆ-ն երբեք չի կարող Թուրքիային դասել ՌԴ և Իրանի շարքում, ԱՄՆ-ն անկախ խնդիրներից, Թուրքիային դիտարկում է՝ որպես դաշնակից երկիր։

Այստեղ հիմնական ու առանցքային խնդիրն այն է, որ Թուրքիան իր որևէ գործընկեր երկրի նման «անկեղծությամբ» չի վերաբերվում, դա է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները սրվում են։ Սակայն ԱՄՆ նպատակը Թուրքիայի և հարավկովկասյան մնացած երկրների՝ ՀՀ-ի, Ադրբեջանի ու Վրաստանի միջոցով Իրանի ու ՌԴ-ի ազդեցությունը չեզոքացնելն է։ Հենց դա է պատճառը, որ չնայած Թուրքիայի ապակառուցողական, սրող դերակատարությանը Արցախյան հակամարտության գործընթացում և 2020 թվականի պատերազմում, ԱՄՆ-ն այդ դերակատարությունը տեսնում է՝ որպես կառուցողական, իսկ ՌԴ դիրքորոշումն ամեն դեպքում դիտարկվում է ապակառուցողական, Իրանի դեպքում ևս նույն սկզբունքն է գործում։

Այստեղ կարևոր է արձանագրել, որ ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ը ոչ միայն ձգտում, այլ ամեն ինչ անում է՝ Թուրքիայի հետ այնպիսի վստահելի հարաբերություններ ունենալ, որպեսզի Թուրքիան դառնա իր առանցքային գործընկերը Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, որպեսզի Թուրքիան համակարգի գործընթացները՝ դառնալով ԱՄՆ-ի «գործերի կառավարիչը»։ Իր հերթին Թուրքիան ևս դրան է ձգտում, սակայն միշտ չէ, որ վարվում է այնպես, ինչպես ԱՄՆ-ը կցանկանար, այլ քայլերը բխեցնում է իր շահերից։ Եվ այստեղ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները չափազանց խանգարում են ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ի նպատակն է, որպեսզի Հարավային Կովկասում ազդեցություն ունենա ոչ թե Ռուսաստանը, այլ Թուրքիան, դրանից բացի՝ ԱՄՆ-ը ցանկանում է նաև փոխել 44-օրյայից հետո Հարավային Կովկասում Իրանի աճող դերակատարությունը։

Վերը շարադրածից հետո ստեղծվել է մի մարազմատիկ իրադրություն, երբ ՀՀ օրվա կառավարիչները տաքուկ տեղավորվել են թուրքական «ռասկլադում» և իրենց ամեն քայլը ոչ միայն համաձայնեցնում են թուրքական տերերի հետ, այլ նրանց վարկաբեկող ու շահերին հակասող ոչինչ չեն անում։ Այսօր մենք տեսնում ենք, որ Թուրքիան շարունակում է չբացել հայ-թուրքական սահմանը, թեև այն փակ պահելու որևէ պատճառ չունի, իսկ ՀՀ-ն վերջին տարիների ընթացքում Թուրքիայի վերաբերյալ հրաժարվել է իր բոլոր սկզբունքային դիրքորոշումներից, որոնք վերաբերում էին Հայոց ցեղասպանությանը։

Եկեք մի փոքր ավելի խորքային մտածենք այս ողբերգական պատկերի մասին։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular