ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերիների վերադարձի հակառակ կողմը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շուրջ երեք տարի տևեց, որպեսզի Ադրբեջանում անազատության մեջ պահվող ՀՀ գերիների մի մասը օրերս վերադարձան հայրենիք։ Ինչ խոսք, շատ կարևոր է, որպեսզի մեր հայրենակիցները, անկախ, թե ինչ պայմաններում են հայտնվել գերության մեջ, վերադառնան տուն, սակայն օրվա իշխանությունը, որը երկու տարի առաջ դռնեդուռ ընկած քվե էին մուրում, լրիվ այլ բան էին խոստանում հանրությանը (մեր գերիները մեզ կներեն՝ ասելով)։

Ակնհայտ է, որ այստեղ առկա է որոշակի գործարք ու պայմանավորվածություն, այլապես Ալիևը հենց այնպես երբևիցե գերիների նման խումբ չէր վերադարձնի հայկական կողմին։ Ըստ էության, գերիների վերադարձի քաղաքական բովանդակությունն իրականում բավական վտանգավոր է։ Հայաստանին ուղիղ երկխոսությունների ծուղակը քաշելու Բաքվի բացահայտ պլանից բացի գերիների վերադարձի օրը՝ Հայաստանի սահմանին նկատվեց Ալիևի պլանի ևս մեկ շերտը։ Ավելին, երբ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական պետական ամբողջ մեդիան հայտնվեցին Հայաստանի հետ սահմանին՝ տեղում լուսաբանելու հայ գերիների վերադարձն ու երկու ադրբեջանցիների հանձնումը, պարզ էր, որ Ալիևը ցույց տալու ինչ-որ ուղերձ ունի։ Եթե ուշադրություն դարձրեցիք՝ Բաքվի լրագրողները հնարավորություն ունեին նկարահանել ամեն ինչ՝ հայ գերիներին Ադրբեջանի ձեռքում, նրանց հայացքները, վիճակը, տրամադրությունը։

Հիմա անցնեք ալիևյան ներկայացման հաջորդ գործողությանը․ Հայաստան վերադարձված գերիների այս խմբից 26-ը պատերազմից անմիջապես հետո Խծաբերդում գերեվարված շիրակցի պահեստազորայիններն էին՝ համապատասխան հագուստով։ Բաքվի բանտից Հայաստան նրանք վերադարձան միանման հագնված՝ նույն կոշիկները, վերարկուները։ Խիստ աչք ծակող էր և նկատելի էր, որ կազմակերպված, պլանավորված է, այս ամենը խոսում է «հանուն ինչ-որ նպատակի» մասին։

Ուշադրություն դարձնենք այն փաստին, որ նույն Ալիևը ՀՀ քաղաքացիների ծանր սոցիալական վիճակի մասին պարբերաբար է հայտարարություններ անում։ Այսպես կոչված,«Զանգեզուրի միջանցքի» թյուրքական նախագիծն առաջ մղելիս, հատկապես, ակնարկելով, թե աղքատ Հայաստանին այդ միջանցքն իբր ավելի անհրաժեշտ է։ Միանշանակ պարզ էր, որ Ալիևն այդքանով չէր սահմանափակվի, և Հայաստանի դեմ գործողություններ պլանավորելիս սոցիալական գործոնի հետ հատուկ ուշադրությամբ կաշխատեն։

Տարիներ շարունակ Ադրբեջանում կարծրատիպ կա, որ Հայաստանի բանակում ծառայում են միայն սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքների զավակները։ Հետևաբար, հաջորդ պատերազմին ընդառաջ հատուկ քարոզչական աշխատանք են տանում այդ լսարանի ուղղությամբ։ Իրականում Հայաստանի ԶՈՒ բոլոր ապագա զինծառայողների, պահեստազորայինների, բոլոր հայերի դեմ։ Գերիների նման վերաբերմունք ցուցադրելու պատկերավոր տեսարանների ներկայացմամբ Ալիևը փորձում է ցույց տալ, որ գերեվարվելն ամեն ինչի վերջը չէ, գերեվարվածներին Բաքվում չեն սպանում, վերադարձնում են՝ այն էլ նոր հագուստով, կոշիկով ու առաջին բուժզննությամբ՝ առանց բռնության հետքերի։ Եթե կարճ՝ հենց սա է Ալիևի քարոզչական ծավալուն աշխատանքի խորքային նպատակը՝ ՀՀ գոյության միակ իրական երաշխավորը՝ հայկական բանակը, վերածել դասալիքների ու գերիների բանակի։

Որևէ կասկած չկա, որ Բաքվում շատ ուշադիր են ուսումնասիրում հայոց զորքի բարոյահոգեբանական վիճակը։ Երբ մերոնք փորձում են շտկել մեջքը ստացած արտաքին ու ներքին հարվածներից, թշնամին փորձում է դա թույլ չտալ։ Թերևս ակնհայտ  է նաև, որ Ադրբեջանի գործողություններում հստակ է նկատվում միտումը՝ վերացնել Հայաստանը, հաղթել, թալանել, սպանել հայերին՝ առանց դիմադրության։ «Արևմտյան Ադրբեջան» օպերացիայից մինչև տաք հագուստով վերադարձող գերիներ։

Ի դեպ, Բաքվի ճիշտ նույն պլանի մաս է նաև Արցախում մնացած մի քանի տասնյակ հայերի դեմ դեմոնստրատիվ՝ իբր դրական վերաբերմունքը։ Պարբերաբար տարբեր տեսանյութեր նկարահանելով ու այդ հայերի անվտանգ ու կուշտ կյանքը ցույց տալով՝ ադրբեջանցիները մատնում են իրենք իրենց հենց այդ տեսանյութերի որակյալ նկարահանումներով։ Նշենք, որ բոլորովին վերջրես վերը նշված խաղին Ալիևը ներգրավվել է նաև Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Վերջինս օրերս հայտարարել էր, որ հնարավորություն է ունեցել հանդիպել ու զրուցել Ալիևի հետ։ Խոսքը հասել է Արցախում մնացած հայերին, և Ալիևն ասել է, որ նրանցից ոչ մեկին չի վնասի։ Հասանք տեղ, երբ Ալիևի քաղաքակիրթ լինելու մասին հիմա էլ խոսում է Բատկան։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular