ԼՂ-ից բռնի տեղահանված 180 բուժաշխատող արդեն անցել է աշխատանքի թե՛ Երևանի, թե՛ մարզերի ԲԿ-ներում. փոխնախարար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼՂ-ից բռնի տեղահանված 180 բուժաշխատող արդեն անցել է աշխատանքի թե՛ Երևանի, թե՛ մարզերի տարբեր բուժհաստատություններում, 761 բուժաշխատող վերապատրաստվել է պետպատվերի շրջանակներում, որոնցից 212-ը ավագ և 549-ը միջին բուժաշխատողներ են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:
Նրա ներկայացմամբ՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի առաջին հոդվածով սահմանված ամսական աշխատավարձը եռապատիկ չափով մինչև 6 ամիս ժամկետով տրամադրվում է լրավճար այն բուժաշխատողներին, որոնք պատրաստ են աշխատել մարզային բուժհաստատություններում: Փոխնախարարը նշել է, որ ծրագրի մեկնարկից հետո, 13 հայրենակից աշխատանքի է անցել Արարատի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում և հորդորել մյուս հայրենակիցներին նույնպես դիմել, քանի որ թափուր հաստիքների մեծ մասը մարզային բուժհաստատություններում է:
Առողջապահության նախարարի տեղակալի ներկայացմամբ՝ առաջնային օղակում հաշվառված են 64 000-ից ավելի բռնի տեղահանված անձինք: Այս հաշվառումից հետո նրանք կարող են ստանալ պլանային կարգով սահմանված բուժծառայությունները: Նշվել է նաև, որ 14 պացիենտ շարունակում է բուժումն արտերկրում, իսկ 6-ը վերադարձել են Հայաստան։