ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջապահության նախարարությունը մարդկանց հորդորում է դիմել հոգեբույժի․ պատճառը մամուլն է ու Արցախը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարարությանը մտահոգել է Հայաստանի հպարտ քաղաքացիների հոգեկան առողջությունը, և որոշել է հորդորով դիմել հանրությանը, որ իրենք էլ դիմեն հոգեբանի կամ հոգեբույժի։

Ըստ առողջապահության նախարարության՝ «բացասական տեղեկատվության մեծ հոսքը, որը շուրջօրյա ստանում ենք հեռուստատեսությունից կամ համացանցից, բերում է անձի սթրեսակայունության թուլացմանը և հաճախ հենց ինքն է սթրեսային գործոն հանդիսանում, ինչը բերում է դեպրեսիվ խանգարումների կամ սթրեսով պայմանավորված այլ հոգեկան առողջության խնդիրների դեպքերի աճի»:

Այսինքն՝ ԱՆ-ն թափանցիկ ակնարկ է անում առ այն, որ ազգի հոգեկան առողջության խանգարման մեղավորը մենք ենք՝ լրագրողներս։ Եթե մենք մի փոքր քիչ բացասական տեղեկատվություն տարածենք, ապա ազգը ավելի սթրեսակայուն կլինի և հոգեպես ավելի առողջ։ Կարճ ասած, մամուլն ազգին սարքում է գիժ։ Թեպետ այս առումով կա ճշմարտություն նրանց ասածի մեջ։ Հաշվի առնելով այն, որ երկրի ղեկին հայտնված անձնավորությունը ժամանակին եղել է մշտապես բացասական տեղեկատվություն, «թուք ու մուր» և սկանդալ տարածող թերթի խմբագիր, ու հիմա էլ երկիրը կառավարում է նույն ոճի մեջ (իր ելույթները՝ վկա), ու մենք էլ անխնա տարածում ենք նրա ելույթները, ուստի ազգը իսկապես հոգեբույժի կամ, ատռնվազն, հոգեբանի դիմելու կարիք որ հաստատ ունի։

Բայց Առողջապահության նախարարությունն էլի մեղավորներ է գտել այս հարցում՝ իրենց տուն ու տեղը կորցրած արցախցիներին, որոնց ԱՆ-ում անվանում են «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ»։ 

Ըստ ԱՆ-ի՝ «Լեռնային Ղարաբաղի բնակիչների բռնի տեղահանումը ինքնին հանդիսանում է լուրջ սթրեսային գործոն: Նման իրավիճակում առավել սրվում են առկա հոգեկան առողջության խնդիրները կամ ի հայտ են գալիս սթրեսային գործոնի հետևանքով»։ Եւ դա կարող է առաջացնել քնի խանգարումներ, թախիծ, տագնապի զգացողություն, էմոցիոնալ անկայունություն։ Ուստի եթե դուք կամ ձեր հարազատն ունի անհանգստացնող, սովորականից երկար տևող գանգատներ, առողջապահության նախարարությունը հորդորում է դիմել հոգեկան առողջության մասնագետի (ընտանեկան բժիշկ, հոգեբան, հոգեբույժ):

Նախարարությունում, սակայն, մոռացել են մատնանշել նաև, թե ով է մեղավոր «Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների բռնի տեղահանման» հարցում, որի պատճառով մարդկանց մոտ թախիծ, տագնապ ու էլի նմանատիպ այլ զգացողություններ են առաջանում։ Առողջապահության տիկին նախարարը, հավանաբար, մոռացել է նշել իրեն այդ պաշտոնին նշանակող Նիկոլ Փաշինյանի անունը՝ որպես այս ամենի, այսինքն՝ Արցախից մարդկանց բռնի տեղահանելու, մարդկանց մեջ տագնապ ու թախիծ առաջացնելու, և, վերջապես, ազգին հոգեկան հիվանդ դարձնելու թիվ մեկ մեղավոր և պատասխանատու։

Ի դեպ, հետաքրքիր է, տիկին նախարարությունը Նիկոլ Փաշինյանի վարքագիծը երբևէ ուսումնասիրե՞լ է, նրան հոգեբույժի կամ հոգեբանի մոտ ուղարկելու որևէ կարիք, անհրաժեշտություն տեսե՞լ է, թե՞ համարում են, որ այս ընդհանրական հորդորը նաև իրեն՝ «մեծարգո վարչապետին» է վերաբերում։

Վահե Մակարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular