«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրով՝ 16 մլն-ի փոխարեն կտրամադրվի 25 մլն դրամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում, ըստ որի, երիտասարդ ընտանիքների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը 60 տարեկանից բարձրացել է 65 տարեկան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը նշեց, թե ինչն է հիմք դարձել այդ փոփոխությանը:
«2014 թվականի դեկտեմբերի 25-ի կառավարության մեկ այլ որոշմամբ՝ պետական երիտասարդական հայեցակարգի հաստատումով՝ երիտասարդ ընտանիք հասակցության համար սահմանվել է 65 տարեկանը: Այսինքն՝ երեկ կատարված փոփոխությունը խարսխվում է 2014 թվականի դեկտեմբերի 25-ի արձանագրային որոշման վրա: Ուստի այսուհետ պետական նպատակային ծրագրի համար նախկին 60 տարեկանի փոխարեն ելակետ ենք վերցնելու 65 տարեկանը»,-ասաց նա:
Միաժամանակ փոփոխվել է նաեւ գույքի առավելագույն արժեքը:
«Չնայած այն կարծիքներին, որ անշարժ գույքի շուկայում գործարքները քչացել են՝ մենք գների անկում չենք արձանագրում, ճիշտ հակառակը՝ անշարժ գույքի շուկայում որոշակի գնաճ կա նույնիսկ երկրորդային շուկայում, ուստի կառավարության նախկին որոշմամբ սահմանված գույքի առավելագույն արժեքը 16մլն-ի փոխարեն՝ սահմանվել է 25 մլն դրամ: Ընդ որում, եթե 16մլն արժեցող գույքի գնման դեպքում կառավարությունը վարկավորում էր 11,2 մլն դրամի չափով, ապա այս դեպքում կառավարությունն իր վրա է վերցնում 17,5 մլն դրամի չափով վարկային ռեսուրսի տրամադրում: Կախված գույքի արժեքից՝ կանխավճարը կարող է կազմել 10-30%»,-պարզաբանեց նա:
Սա, ըստ Արսեն Քարամյանի, ծրագրի հետ կապված վերջին փոփոխությունը չէ. կյանքն առաջ է գնում, եւ ծրագիրը պետք է համապատասխանի տեղի ունեցող փոփոխություններին:
Ծրագիրը մեկնարկել է 2010 թվականի հունվարի վերջին: Այդ ժամանակվանից ի վեր տրամադրվել է 2034 վարկ՝ ընդհանուր առմամբ 15,237 մլրդ դրամ դրամագլխով: Երեւանում տրամադրվել է 966 վարկ (8,8 մլրդ դրամ դրամագլխով), իսկ մարզերում՝ 1068 (6,4 մլրդ դրամագլխով):
Արսեն Քարամյանն անդրադարձավ նաեւ Սոցապ նախարարության՝ ժողովրդագրական պատկերի առողջացմանն ուղղված նախագծին, որը հաստատվելու դեպքում իրականացվելու է 2016-2018թթ: Նա նշեց, որ նախագծում բազմաթիվ դրական առաջարկներ կան, սակայն միեւնույն ժամանակ կոչ արեց մարդկանց մոտ անհարկի դրական սպասումներ չսերմանել: