Օրերի ու ժամերի հարց է գերիների վերադարձը․ Խանդանյան
Ըստ էության, հայտարարությունը, որ երեկ երեկոյան հրապարակվեց, ամբողջությամբ արտացոլում է բովանդակությունը։ Տեղի են ունեցել բանակցություններ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի միջև, երկկողմ բանակցություններ են եղել։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Նրա խոսքով՝ հումանիտար, զգայուն հարցի մասին է խոսքը, և հնարավորություն է առաջացել այդ հարցի շուրջ այս ձևաչափում բանակցել, ուստի պետք չէ թերագնահատել կամ գերագնահատել այս բանակցությունները։
«Այն, ինչ Հայաստանն ասել է, շարունակում է պնդել։ Խաղաղության շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան այն ամենի շուրջ, ինչին կողմերը համաձայնություն են տվել այս տարվա հուլիսին՝ եռակողմ հանդիպման ընթացքում։ Հայաստանը հորդորում է միջնորդ կողմերին՝ ապահովել բանակցություններն այն հարթակներում, որոնցում եղել են»,- նշեց Խանդանյանը։
Հարցին, թե արդյո՞ք Արցախի նախկին նախագահներին ու գեներալներին վերադարձնելու շուրջ բանակցություններ կան, կամ արդյո՞ք վերադարձողների մեջ նրանցից ոչ ոք չկա, Սարգիս Խանդանյանը պատասխանեց, որ որևէ անուն ասել չի կարող։
«Օրերի ու ժամերի հարց է գերիների վերադարձը»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ իրավապաշտպաններն ահազանգում են 80 գերիների մասին, իսկ վերադարձվում են 32-ը, ի՞նչ է մտածում այս ամենի մասին պաշտոնական Երևանը, Սարգիս Խանդանյանն արձագանքեց, որ սա գործընթացի մի մասն է։
«Մենք շարունակելու ենք աշխատանքներ տանել, որ բոլոր գերիներն ու պահվող անձինք վերադարձվեն»,- նշեց նա։