ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչո՞ւ Թուրքիան չի շտապում բացել Հայաստանի հետ սահմանը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը «Աշխարհի խաչմերուկ» համաժողովում ասել է, որ «հույս կա, որ մոտ ապագայում կբացվի հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող անձանց համար»։ Նա նաև նշել է, որ «հայ-թուրքական սահմանի բացումը վճռորոշ նշանակություն ունի», և, հավանաբար, «մոտ ապագայում այդ շոշափելի քայլը կիրականացվի»։

Մենք ուշադրություն դարձրինք այդ հատվածի վրա հետևյալ պատճառներով: Սաֆարյանը կրկնել է այն, ինչ նախկինում ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2024 թվականի բյուջեի նախագծի լսումների ժամանակ. «Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք կյանքի կոչել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների բանակցություններից հետո ձեռք բերված երկրների միջև սահմանի բացման մասին պայմանավորվածությունները»։ Ավելի վաղ, ելույթ ունենալով Երևանում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում, նա հստակեցրել էր իր դիրքորոշումն առ այն, որ «նախկինում էլ է եղել նման ակտիվ երկխոսություն, չնայած այն հանգամանքին, որ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման առումով հաջողություններ չեն գրանցվել»։ Բայց փաստն այն է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև երկրների միջև սահմանի բացման բանակցություններից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները փաթեթային բնույթ են կրում։ Այդ գործողությունը՝ սահմանի բացումը,  պայմանավորված է երկու կողմերի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման մասին համաձայնագրի ստորագրմամբ։

Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 1-ին 35 տարվա մեջ առաջին անգամ սահմանը ժամանակավորապես բացվեց, որպեսզի Հայաստանից մարդասիրական օգնությունը հասնի Թուրքիայի երկրաշարժից տուժածներին։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով այդ ժամանակ այցելեց Անկարա, վստահեցրեց, որ կողմերը պայմանավորվել են «արագացնել հարաբերությունները կարգավորելու միջոցառումները»։ Դրանից հետո Հայաստանը վերանորոգել և վերազինել է Մարգարայի անցակետը, և նշվել է, որ սահմանը կարող է բացվել 2023 թվականի ամռանը «զբոսաշրջային սեզոնի ամենաթեժ պահին»։

Սակայն երկու երկրների սահմանը դեռ փակ է։ Ըստ Փաշինյանի ստացվում է, որ Թուրքիան, որը որոշել էր մինչ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը բացել սահմանը, նահանջել է նախկին պայմանավորվածություններից։ Պաշտոնական մակարդակով Անկարան իր դիրքորոշումը բացատրել է այսպես. «Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, այդ թվում սահմանի բացումը, ամբողջությամբ կախված է պաշտոնական Երևանի քայլերից: Տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, համագործակցության լայն հնարավորություններ կան։ Եթե ​​խելամիտ մոտեցում լինի, ապա այդ գործընթացում կոնկրետ առաջընթաց կլինի ընդհուպ մինչև սահմանի բացումը»։

Բայց ի՞նչ «տարածաշրջանում նոր իրավիճակի» մասին են խոսում Անկարայում: Եթե փակագծերը բացենք, մի թե՞ դրանք են Ադրբեջանի համար հաղթական երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքները, նախկինում կորցրած շրջանների վերադարձն իր վերահսկողությանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված խնդիրները, և նույնիսկ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին քննարկումները։ Համենայն դեպս, հենց այդ համատեքստում է կառուցվում Հայաստանի դիվանագիտությունը թուրքական ուղղությամբ, երբ Երևանը հայտարարում է, որ Հայաստանի հետ սահմանը փակ պահելու որևէ պատճառ չկա։ Սակայն Թուրքիայի դիրքորոշումն է փոխվել: Նախկինում Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը, փաստացի տեղի էր ունենում Ռուսաստանի միջնորդությամբ։ Այժմ Թուրքիայի հետ սահմանները բացելու Հայաստանի ցանկությունը պետք է դիտարկել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ նրա բարդ հարաբերությունների, ինչպես նաև դեպի Արևմուտք շեղվելու համատեքստում։ Ներկա իրավիճակում, կապված հատկապես Մերձավոր Արևելքում  Իսրայելի և Համասի պատերազմի հետ, Թուրքիային ձեռնտու չէ հայկական «խաղաքարտը» խաղարկել Ռուսաստանի և Իրանի դեմ։ Հետևաբար, Անկարան Երևանի բոլոր ակնկալիքները շրջում է ոչ թե դեպի Արևմուտք և ՆԱՏՕ-ի կառույցներ, այլ «3+3» ձևաչափ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան), և առանց որևէ ձևով Արևմուտքի միջամտության։ Հենց այդ ուղու վրա է հնարավոր ստորագրել և՛ խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև, և՛ համաձայնագիր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
Բայց իրադարձությունների այս զարգացումը նախատեսում է Հայաստանի արտաքին քաղաքականության որոշակի վեկտորների փոփոխություն։ Ի դեպ, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նոյեմբերի 27-ին Բաքու կատարած այցի ժամանակ ասել էր, որ Հայաստանը չի կարողանում պատշաճ գնահատել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հեռանկարները հավելելով, որ «3+2» հարթակը «լավ ձևաչափ է տարածաշրջանում խնդիրների լուծման և խաղաղության հասնելու համար»։ Նման կարծիք է հնչել նաև Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հանդիպման ժամանակ։ Ավելին, առաջարկվող նոր աշխարհաքաղաքական մոդելը խոստանում է բաց և տնտեսական համագործակցություն տարածաշրջանի երկրների և համաշխարհային խոշոր խաղացողների, այդ թվում Չինաստանի միջև։ Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Հայաստանը պետք է իր անվտանգությունը փնտրի ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ հարևանների հետ համագործակցելով»։ Այսինքն Հայաստանն այժմ չունի որոշումների ընտրության լայն շրջանակ և մղվում է արտաքին քաղաքականության «տարածաշրջանայնացման», այլ ոչ թե «արևմտականացման»։ Եվ այդ ամբողջ ընթացքում Թուրքիայի հետ սահմանը կողպված է մնալու:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular