Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը
ԻՐԱՎՈՒՆՔԱրդեն երկու տարի անազատության մեջ գտնվող Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդության որոշումը դատարանը կհրապարակի վաղը՝ դեկտեմբերի 6-ին:
Մամիկոն Ասլանյանի փաստաբան Արտակ Ոսկանյանը հույս հայտնեց, որ վաղը իր պաշտպանյալի կալանքը կվերացվի եւ վերջինս ազատ կարձակվի:
Նշենք, որ նախորդ տարի դեկտեմբերի 7-ին հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ Սարգիս Դադոյանի, մերժել է Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանի՝ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը։Այն ժամանակ առաջարկվել էր 2 միլիոն դրամի գրավ:
Հիշեցնենք՝ Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մամիկոն Ասլանյանը, 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչեւ 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաեւ համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից եւ կատարել է պաշտոնական կեղծիք:
Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ նրա՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
2021 թ․ դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթել էր Մամիկոն Ասլանյանի գլխավորած «Մամիկոն Ասլանյան» դաշինքը։ Օրեր անց՝ դեկտեմբերի 15–ին, Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։
Համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստ հրավիրվել էր դեկտեմբերի 24-ին, որը, սակայն, գրեթե մեկ տարի անց էլ չի կայացել, քանի որ Վարչական դատարանը ԼՀԿ-ի հայցի հիման վրա՝ միջանկյալ միջոց էր կիրառել եւ արգելել Վանաձորի ավագանուն համայնքապետ ընտրելու օրակարգով ավագանու նիստ հրավիրել։
Դատական պրոցեսների պատճառով 7 ամիս է՝ պարալիզացված էին Վանաձոր խոշորացված համայնքի աշխատանքները։ Ապրիլին, իշխանությունները օրենք փոխեցին, որով վարչապետը լիազորություն ստացավ նշանակել համայնքապետի պաշտոնակատար։ Մայիսի 13–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արկադի Փելեշյանը նշանակվեց Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար, սակայն անգամ նրա նշանակումից հետո Վանաձորում ճգնաժամը չլուծվեց։