ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիները նկատել ու կրակել են տղաներին․ փրկվելու համար 3 ընկերներով մտել են Թարթառ գետը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դաթո Ծատրյանը Ստեփանակերտից է։ Ծառայում էր պաշտպանության բանակում։ 

2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայից հետո, որոշել է ծառայել պայմանագրային հիմունքներով, գիտակցելով, որ եթե թշնամին անգամ Հայաստանի դեմ է լայնածավալ հարձակում իրականացրել, ապա Արցախին ուժեղ, պատրաստ տղերք են պետք։

Դաթոն ծառայությունն իրականացնում էր Արցախի՝ Չարեքտար-Նարեշտար հատվածում։

Հրադադարի հաճախակի խախտումներն ու վերջին օրերի լարվածությունը հուշում էր, որ պատերազմը չի ուշանա։ 

Քույրը՝ Օքսանան MediaHub-ին պատմում է, որ եղբայրը տանն էր, երբ սեպտեմբերի 15-ի առավոտյան համար 1 հրամանով բարձրացել է դիրքեր։ 

«Ինքը, չնայած իր տարիքին, շատ բան էր հասկանում ռազմական գործից, հաճախ էր ասում՝ շուտով պատերազմ է լինելու, պիտի պատրաստ լինենք։ Երբ սեպտեմբերի 19-ին հնչեց օդային տագնապը ու կրակոցներ լսվեցին, մենք քույրերով միայն եղբորս մասին էինք մտածում։ Սիրտս մի տեսակ ծանրացել էր, վատ բան էի կանխազգում։ Չեմ հիշում քանի անգամ եմ զանգել, նույն դիրքից քանի հոգու համար եմ գտել, բայց բոլորն անհասանելի էին»,-պատմում է մեր զրուցակիցը։

Քույրը պատմում է, որ Չարեքտարից լսվող լուրերն այդ օրերին հուսադրող չէին, «ասում էին ադրբեջանցիները մտել են դիրք, բոլորին գլխատել, խոշտանգել։ Որ լուրի իսկությունը ո՛չ հերքվում էր, ո՛չ հաստատվում, ավելի թևաթափ էի լինում»։ 

Այդպես 3 օր Դաթոյի մասին որևէ լուր չի եղել։ Իսկ Օքսանան քրոջ՝ Քրիստինայի հետ ձեռքերը ծալած չեն նստել. «Օրը մի անգամ ոտքով հոսպիտալից գնում էինք հիվանդանոցներ, հետո գալիս դիահերձարան։ Դժվար է հիմա պատմել այդ մասին, որովհետև քիչ էր մնում մենք մեռնեինք։ Հիվանդասենյակներում վիրավորներին տեսնելիս, քաղաքացիական անձանց ու հրթիռակոծության հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած երեխաներին տեսնելիս ուզում էի բարձր գոռայի, վախենում էի»։ 

Սեպտեմբերի 22-ի երեկոյան Դաթոն վերադառնում է, բայց քույրն ասում է, որ այնպիսի վիճակում էր, որ նույնիսկ չէր խոսում ոչ մեկի հետ։

«Հավանաբար տեսել է իրական դժոխքը։ Մինչ այսօր էլ շատ քիչ է խոսում։ Երբ կազդուրվել է, պատմել է, որ օդային հարվածներով իրական կոտորած է եղել իրենց ուղղությամբ։ Մերոնք էլ լավ ջարդ են տվել։ Բայց երբ վերջացել է զինամթերքը, իսկ ադրբեջանցիներն առաջ են եկել ու գրավել դիրքերը, իրավիճակը սրվել է։ Դաթոն ու ևս 2 զինակից ընկեր փրկվելու համար անտառներով, դաշտերով հասել են մինչև Թարթառ գետի ափամերձ տարածք։ Երբ ադրբեջանցիները նկատել են, իրենց ուղղությամբ կրակահերթ են արձակել։ Տղաները պառկել են մի փոսում, հետո լսել են, որ նրանք «Ղարաբաղը Ադրբեջան է» գոռալով գալիս են իրենց ուղղությամբ»,- ասում է Օքսանան ու նշում, որ այդ ժամանակ եղբայրն ու ընկերները մտածել են, որ սա արդեն վերջն է, ու իրենց կա՛մ կսպանեն, կա՛մ գերի կտանեն։

Բարեբախտաբար, թշնամական մեծաթիվ զորքը չի նկատել հայ զինծառայողներին։

Վերջիններս փրկվելու համար նետվել են Թարթառ գետ։ Լողալով, տեղ-տեղ ջուրը քշելով՝ անցել են մյուս ափ, այդտեղից անտառային ճանապարհով հասել Վանք գյուղ։ 

«Ովքեր դեռ գյուղում են եղել, կրակ են վառել, տղաներին հաց տվել, Աստված պահի էդ մարդկանց։ Երբ հասել են Ստեփանակերտ, վրան գույն չի եղել»,- ասում է Օքսանան։ 

Ընտանիքն այժմ Հայաստանում է։ Դաթոն դեռ ամբողջությամբ չի ապաքինվել, շարունակում է բուժումներ ստանալ տեղի հիվանդանոցներից մեկում։ Իսկ ընտանիքն ամեն օր Աստծուն փառք է տալիս, որ խնայել է տղաներին, փրկել ևս 3 երիտասարդ կյանք։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular