ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինտրիգասեր բռնապետը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թերևս ոչ մի հայաստանցու համար գաղտնիք չէ, որ վերջին ամիսներին Արցախում տեղի ունեցած ողբերգությունն ու դրա հետ ուղղակի փոխկապակցված Հայաստանի ներկայիս վտանգավոր իրավիճակը, ի թիվս բազմաթիվ գործոնների, պայմանավորված է նաև հայաստանյան ապիկար իշխանությունների կողմից վարվող՝ հատկապես արտաքին քաղաքականության պրիմիտիվությամբ, հաճախ նաև՝ նայիվությամբ։

Իսկ այդ ամենի պատճառն իր հերթին մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի ընկալումների, աշխարհայացքի պարզունակությունն է, ինչպես նաև՝ ներքին ու արտաքին քաղաքականությունները, դրանց մեթոդաբանությունը, տարանջատելու անկարողությունը։ Փաշինյանն իր իշխանության ավելի քան հինգ տարիներին ներքաղաքական օրակարգը գեներացրել ու սպասարկել է առավելապես հակադրությունների, տարանջատումների մեթոդաբանությամբ. սրանում համոզվել ենք քանիցս։

Օրինակներն ու դրվագները շատ են՝ նախկիններ-ներկաներ, սևեր-սպիտակներ, հայաստանցիներ-ղարաբաղցիներ, և այլն։ Ըստ էության, փաշինյանական այս մեթոդաբանությունը վերջինիս անձնական շահերի տեսանկյունից իրեն արդարացրել է այնքանով, որ դրա միջոցով նրան հաջողվել է մինչև այս պահը պահպանել իշխանությունը։ Թերևս, նաև դրանից քաջալերվելով, Նիկոլը նույն՝ հակադրությունների, բարիկադավորման ու տարանջատման մեթոդաբանությունը կիրառել ու շարունակում է կիրառել նաև արտաքին քաղաքականության ասպարեզում, չնայած նա դա անում է նույնքան պարզունակ ու էժանագին միջոցներով, որքան ներքաղաքական կյանքում։ Եթե ավելի պարզ, ապա նա այդ թեզերը գեներացնում է և իրենց ընկալումները դասավորում արևմտամետներ-հակաարևմտամետներ, ռուսամետներ-հակառուսամետներ մոդելներում։

Շատ կարևոր է փաստել, որ այս մոտեցումներն իրենց մեջ պարունակում են խորքային հիմքեր, քանի որ նշված հակադրություններն արտաքին քաղաքական անթույլատրելի նարատիվներ լինելուց բացի, չափից շատ պրիմիտիվ են (արևմտյանը՝ պայծառ է ու բարի, ռուսականը՝ հետամնաց ու չար)։ Այս պրիմիտիվացումը չափազանց վտանգավոր է այն իմաստով, որ հատկապես արտաքին քաղաքականության բնագավառում գործնականում չկան միագիծ, միատարր հասկացություններ, դրանք չեն ենթարկվում լավ-վատ, ազնիվ-անազնիվ բացարձակ բնորոշումներին, աշխարհաքաղաքականության ամենաբնորոշ հատկանիշը դրա մաս կազմող ու դրա վրա ազդող հասկացությունների անպատկերացնելի հարաբերականությունն է, կախված իրավիճակից՝ այս կամ այն երևույթի, արժեքի, գաղափարի կոնյունկտուրային դրսևորումը։

Այս դիլեման ունի իր տրամաբանությունը, քանի որ դա նույն Փաշինյանի կողմից դրսևորած վարքագիծն է, երբ նա խոսքի սկզբում թունդ ռուսամետ է, վերջում՝ պաշտում է Արևմուտքին։ Նիկոլի համար սա աշխարհայացքային, մտածողության մեթոդաբանության խնդիր է, որը, հնարավոր է, ունի ընդհուպ ենթագիտակցական ծագում։ Նա աշխարհին շարունակում է նայել լրագրողի, թերթի խմբագրի հայացքով, և ինչպես ամենայնը, արտաքին քաղաքականությունը ևս իրականացնում է դրա հանգույն։

Պատահական չէ, որ հաճախ անգամ ամենաբարդ ու բազմաշերտ խնդրի մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը դա ներկայացնում է վերնագրի ձևաչափով ավելին, նա քանիցս իր խոսքում շեշտել է, որ «ամեն ինչը պետք է սկսել վերնագրից»։  Այսինքն՝ նրա մտածողության մեթոդաբանությունը հիմնված է հոդվածի, թերթի մոդելի վրա, որի դեպքում, առնվազն իր բնույթի լրագրողի պարագայում, կարևորը ոչ միայն ու ոչ այնքան բովանդակությունն է, որքան ինտրիգը, էպատաժն ու աղմուկը։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular