Խոշոր ավտովթար` «Էլբա» ռեստորանի դիմաց, Mazda-ն բախվել է էլեկտրասյանը, 20-ամյա վիրավորներ կան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 20-ամյա Աշոտ Ասատրյանը, իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Էլբա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին, ապա առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Աշոտ Ա.-ն, ուղևորներ՝ Երևանի բնակիչ 20-ամյա Ռուբիկ Արշակյանն ու 20-ամյա Հարություն Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի քրեական հետախույզները, ապա օգնել են օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին, վիրավորներին տեղափոխել հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: