ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել ԵՄ կողմից նախաձեռնվող հանդիպումներին․ Ալեն Սիմոնյանը՝ դեսպաններին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպաններին: Հանդիպմանը բացման ելույթում ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

Նա շեշտել է, որ ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը, եւ մեր համագործակցությունը համալրվել է նոր ուղղություններով, մասնավորապես, Հայաստան-ԵՄ քաղաքական եւ անվտանգային հարցերով երկխոսությամբ:

«Հարգելի՛ դիվանագետներ, ես՝ որպես խորհրդարանական, ցանկանում եմ ձեզ փոխանցել իմ ընտրողների մեծամասնության եվրոպական ձգտումները: Հայաստանի եւ Եվրոպայի մերձեցումը պետք է լինի շարունակական եւ ֆունդամենտալ»,- շեշտել է ԱԺ նախագահը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շուտափույթ մեկնարկին, Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցությանը, մասնավորապես, խորհրդարանական գործընկերության կոմիտեի շրջանակում:

ՀՀ ԱԺ նախագահն ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել ԵՄ կողմից նախաձեռնվող հանդիպումներին՝ հավատարիմ չմնալով Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին եւ ակնհայտ դարձնելով իր ռազմատենչ ու նվաճողական նկրտումները:

Շնորհակալություն հայտնելով ԵՄ անդամ երկրներին դիտորդներ ուղարկելու համար՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ԵՄ առաքելության տեղակայման որոշումը, որը նշանակալի քայլ է մեր տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ:

ԵՄ դեսպաններին է ներկայացվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գաղափարը, որը տնտեսական եւ կապուղիների զարգացման հնարավորություններ է տալիս ինչպես հարավկովկասյան տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող երկրների համար:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular