Իրան-Ադրբեջան սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրան-ադրբեջանական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել, սահմանախախտները դիմել են փախուստի։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի Պետական սահմանային ծառայությունից, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին՝ ժամը 17:16-ին, Բեյլագանի շրջանի Ամիրզեյդլի գյուղի մոտակայքում գտնվող Հորադիզ սահմանապահ ջոկատի սահմանապահ դիրքի ծառայության տարածքում։
Երկու անհայտ անձինք փորձել են Իրանից խախտել պետական սահմանը։ Սահմանապահները նրանց մոտ զենքեր են նկատել։ Նրանցից մեկի մոտ բեռ է եղել։
Օրինախախտները չեն ենթարկվել սահմանապահ ծառայության «կանգառ» հրամանին և կրակ են բացել հրաձգային զինատեսակներից, լքել բեռը և, օգտվելով եղանակային անբարենպաստ պայմաններից և բարդ տեղանքից՝ հետ են փախել Իրանի տարածք։
Սահմանապահները բեռի զննությամբ հայտնաբերել և առգրավել են 95 կգ 100 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոց։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։