ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԱՄՆ-ը սկսել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iz.ru-ն գրում է, որ Անդրկովկասում նոր ճգնաժամ է առաջացել: ԱՄՆ Պետդեպարտամենտն անսպասելիորեն կտրուկ հակազդել է Ադրբեջանի գործողություններին ու դիրքորոշումներին։ Նա, մասնավորապես, պահանջել է թույլ տալ հայերին Ղարաբաղ մտնել, ռուս խաղաղապահներին դուրս բերել, իսկ Զանգեզուրի միջանցքի նախագծով Իրանի հետ շփումները դադարեցնել։ Այդ ամենն առաջացրել է Բաքվի սուր արձագանքը, որը հրաժարվել է Հայաստանի հետ ամերիկյան հարթակում բանակցել։ Փորձագետները կարծում են, որ Անդրկովկասում աճում են նոր սրացման վտանգները: «iz.ru»-ն փորձել է հասկանալ իրավիճակը:

Ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը «iz.ru»-ի հետ զրույցում նշել է, որ Միացյալ Նահանգները բազմիցս են կողմնակալություն ցուցաբերել։ «Վաշինգտոնը հանդես է եկել Ղարաբաղին կարգավիճակ տալու օգտին, խոսել է ադրբեջանական տարածքում հայերի էթնիկ զտումների մասին։ Այնուամենայնիվ, Բաքուն չի անտեսել ամերիկյան բանակցային հարթակը։ Այժմ Պետդեպարտամենտը հատել է որոշակի սահմանը: Վաշինգտոնում, ըստ ամենայնի, այլևս բանակցություններ չեն լինի։ Սկզբունքորեն, դրանում ոչ մի վատ բան չկա։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ Ալիևն ու Փաշինյանը պետք է հանդիպեն երկկողմ ձևաչափով, որպեսզի կախված չլինեն բանակցությունների կազմակերպիչներից»,- ասել է նա։

Հայ քաղաքագետ Արման Աբովյանն էլ կարծում է, որ դժվար է երկկողմ բանակցություններ կազմակերպելը, դա պահանջում է Երևանի և Բաքվի միջև վստահության բարձր մակարդակ։ «Տարածաշրջանում իրավիճակը պայթյունավտանգ է: Թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մնում է նույնը, նրանք ուզում են ձեռք բերել Հայաստանի հարավային շրջանները, որպեսզի ճանապարհներ կառուցեն, ընդհանուր սահման կազմեն։ Բացի այդ, Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ, որին ձեռնտու է Իրանին ինչ-որ կոնֆլիկտի մեջ ներքաշելը, իսկ Թեհրանը բազմիցս է հայտարարել, որ թույլ չի տա սահմանների վերաձևում Հարավային Կովկասում»,- ընդգծել է «iz.ru»-ի զրուցակիցը։

Կովկասագետ Ստանիսլավ Տարասովն էլ նշել է, որ խաղաղության բանակցությունները փակուղի են մտել: «Հայաստանը ցանկանում էր որոշակի երաշխիքներ ստանալ ղարաբաղահայության համար, բացի դա Ադրբեջանը երբեք չի ճանաչել հարևան պետության տարածքային ամբողջականությունը։ Արդյունքում այժմ փակուղի է ստեղծվել։ Կտրուկ սրացում չեմ կանխատեսում, բայց մոտ ապագայում խաղաղության շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել չի հաջողվի։ Դա լինելու է անորոշ իրավիճակ սրացման մշտական ​​սպառնալիքով»,- ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular