ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հստակ պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի հետ զրույցում Պետեր Ստանոն անդրադարձել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, որով վերջինս ԵՄ-ին մեղադրել էր տարածաշրջանում նոր հակամարտություն խթանելու մեջ ու սպառնացել համարժեք պատասխանով։

Ստանոն խոսել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց տներ վերադարձի կարևորության մասին՝ միջազգային երաշխիքի ներքո։

-Ադրբեջանական կողմը նախ վերջին պահին հրաժարվեց Գրանադայի հանդիպումից, ապա Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված հանդիպումից։ Ինչպե՞ս եք մեկնաբանում Ալիևի այս խուսանավումը։ Որքանո՞վ է ԵՄ-ն Ադրբեջանի քայլերը կառուցողական համարում։

-Մեր դերը՝ որպես միջնորդ կամ կոորդինատոր, իրականում այս կամ այն կողմի վարքագիծը գնահատելը չէ: Մեր դերը և  ջանքերը կենտրոնացած են երկու կողմերի կողքին լինելու վրա, քանի դեռ նրանք ցանկանում են, որ իրենց օգնենք լուծումներ գտնելու հարցում: Մենք միջնորդներ ենք: Մենք չենք կարող պարտադրել, անում ենք հնարավորը։ Առաջարկում ենք մեր կարողությունները, մեր էներգիան, մեր ժամանակը, երբեմն նաև մեր ռեսուրսները, որպեսզի վստահ լինենք, որ ներգրավվածությունը շարունակվի: Իսկ երբ կողմերը պատրաստ լինեն, այն ժամանակ մենք միջնորդում ենք կոնկրետ հանդիպումները։ Բայց, չնայած այն հանգամանքին, որ դուք նշեցիք ավելի բարձր մակարդակի չեղարկված հանդիպումների մասին, ներգրավվածությունը դեռ շարունակվում է։ Մենք ունենք բազմաթիվ երկկողմանի ներգրավվածություններ, ինչպես հայ գործընկերների հետ, այնպես էլ ադրբեջանցի գործընկերների հետ, ինչպես Բրյուսելում, այնպես էլ տեղերում՝ Բաքվում, Երևանում։ Փորձում ենք անել առավելագույնը՝ կրկին խրախուսելով կողմերին հանդիպումներ ունենալ որքան շուտ, այնքան լավ, և ես կարծում եմ, որ սա նույնպես ֆիքսվեց։ Եվրոպական միության քաղաքական այս ակնկալիքն արտացոլվեց Արտաքին հարաբերությունների խորհրդի կոչում, երբ ԵՄ բարձր հանձնակատարը ասաց, որ մենք կոչ ենք անում վերսկսել բանակցությունները, ցանկանում ենք, որ դրանք շարունակվեն, և մենք պատրաստ ենք շարունակել մեր ծառայություններն առաջարկել այս գործընթացում, քանի որ, ի վերջո, երկու կողմերն էլ դիմեցին մեզ այն բանից հետո, երբ հասկացան, որ Ռուսաստանը ազնիվ միջնորդ չէ, երբ հասկացան, որ չի կարելի իսկապես հույս դնել Ռուսաստանի վրա, քանի որ Ռուսաստանն ունի իր թաքնված օրակարգը։ Իսկ Հայաստանի պարագայում Ռուսաստանը մեծապես չկատարեց Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները: Այսպիսով, մենք այնտեղ ենք, քանի որ մենք ազնիվ միջնորդ ենք, մենք կանենք հնարավորը, քանի որ մեր լավագույն մոտիվացիան կամ ամենաուժեղ մոտիվացիան մեր սեփական պատմությունն է: Մենք գիտենք, որ մենք Եվրոպայի երկրների միջև հարաբերությունների անհանգիստ պատմություն ենք ունեցել։ Մենք պատերազմում էինք իրար դեմ, սպանում էինք միմյանց, բայց մենք գտանք ճանապարհը ստեղծելու այն եզակի համայնքը, որը կոչվում է Եվրամիություն, և մենք ցանկանում ենք այս փորձը, լավագույն փորձը կիսել նաև Հարավային Կովկասի և մեզնից արևելք ընկած տարածաշրջանի մարդկանց հետ, քանի որ մենք գիտենք, որ, ի վերջո, տուժողները միայն սովորական մարդիկ են, և մենք ուզում ենք դա կանխել։ Այսպիսով, մենք պատրաստ ենք օգնել, խորհուրդ տալ, քաջալերել։ Բայց կրկին՝ չենք կարող պարտադրել և չենք պարտադրելու որևէ մեկին։

-Ինչպես Դուք նշեցիք, Լեռնային Ղարաբաղում միակողմանի հարձակումներից, քաղաքական հաշվարկներից և երբեմն էլ ԵՄ-ի լռությունից տուժեց արցախահայությունը։ Բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում ի՞նչ է նախատեսում ԵՄ-ն անել, բացի ֆինանսական օժանդակությունից։

-Նախ, ԵՄ-ն չի լռել։ Մենք շատ լավ գիտենք, որ, գուցե, հիասթափություն կամ քննադատություն կա, որ ԵՄ-ն բավականաչափ աշխատանք չի արել, բայց ես պետք է հիշեցնեմ, որ ԵՄ-ն միջամտող ուժ չէ։ Մեր տրամադրության տակ եղած գործիքները քաղաքական են և դիվանագիտական։ Եղան հայտարարություններ, հրապարակային հայտարարություններ, որոնք դատապարտում էին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում միակողմանի ռազմական գործողությունը։ Ես կարող եմ հիշել այս հարցի վերաբերյալ բարձր հանձնակատարի և անդամ պետությունների միայն երկու շատ խիստ հայտարարություններ, կարող եմ հիշել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը, որտեղ ԵՄ բարձր ներկայացուցիչը Եվրամիության անունից հրապարակայնորեն հանդես եկավ խիստ դատապարտող ուղերձներով՝ արտահայտելով մեր ցնցված լինելը Լեռնային Ղարաբաղից մարդկանց անսպասելի տեղահանման և զանգվածային հեռանալու կապակցությամբ։ Այսպիսով, Եվրամիությունը բարձրաձայն էր, ոչ միայն հանրային տիրույթում, որովհետև մենք նույնն էինք անում միջազգային հարթակներում, որոնք, միգուցե, այնքան էլ բարձրաձայն և ոչ այնքան տեսանելի են լայն հանրության համար։ Նույնը մենք անում էինք երկկողմ հանդիպումներում։ Ուղերձներ են եղել գործընկերներին, որոնք տեղին են այս համատեքստում․ ոչ միայն Ադրբեջանին, իհարկե, այլ նաև Ադրբեջանի դաշնակիցներին, քանի որ, ինչպես ասացի, ԵՄ-ն շատ թափանցիկ է, և մեզ համար կարևոր է բարձրաձայնել, երբ սկզբունքները խախտվում են: Եվ հետո մենք շատ հստակ պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա։ Գիտեք, նրանց ունեցվածքը չի կարող բռնագրավվել ուրիշի կողմից: Պետք է երաշխիքներ լինեն այդ մարդկանց անվտանգ վերադարձի համար, եթե նրանք որոշեն վերադառնալ։ Մենք նաև ավելացրել ենք մեր մարդասիրական օգնությունը բռնի տեղահանվածներին։ Մենք շարունակում ենք պահանջել միջազգային մուտք և միջազգային ներկայություն Լեռնային Ղարաբաղում՝ որպես ժողովրդի համար այս երաշխիքների մաս։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular