Ռուսաստանը տարակուսանք է հայտնել Հայաստանում ռուսերեն դասագրքերի բաշխման գործընթացի կասեցման հարցով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Դաշնային խորհուրդը տարակուսած է Հայաստանի ԿԳՄՍ նախարարության կողմից երկրի դպրոցներում ռուսերեն դասագրքերի բաշխման գործընթացի կասեցման կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը։
«Դասագրքերի գնման և փոխանցման նախաձեռնությունը եղել է Հայաստանի Ազգային ժողովից։ Եվ ռուսական կողմը բյուջետային միջոցներ է գտել ավելի քան 50 հազար դասագրքերի գնման և ռուսերեն ուսուցմամբ հայկական դպրոցներին անվճար փոխանցելու համար։ Նոյեմբերի 11-ին հանրապետություն են առաքվել դասագրքեր, սկսվել է դրանց բաշխումը դպրոցներում, սակայն խնդիրներ են առաջացել»,- ասել է նա։
Վորոբյովը նշել է, որ պատրվակը դասագրքերի փորձաքննության անհրաժեշտությունն է:
«Սա տարօրինակ է, քանի որ հայ գործընկերներն իրենք են ուղարկել անհրաժեշտ նյութերի ցանկը: Բիշքեկում ռուսական պատվիրակությունը հարցը բարձրացրել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահի մոտ»,- ընդգծել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահը:
Նա նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում խնդիրները կվերացվեն։