Անընդունելի է արցախցիների գործոնը ներքաղաքական խմորումներում օգտագործելը. Արցախի պետականության պահպանման հանձնախումբ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱնընդունելի է արցախցիների գործոնը ներքաղաքական խմորումներում օգտագործելը: Այս մասին ասված է «Արցախի պետականության պահպանման հանձնախմբի» տարածած հաղորդագրության մեջ:
«Սույն թվականի նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ «Արցախի պետականության պահպանման հանձնախմբի» կողմից հրավիրված փակ հանդիպում Արցախի պետականության պահպանման և հետագա քայլերը ԱՀ Նախագահի և ԱՀ Ազգային Ժողովի պատգամավորների հետ համատեղ քննարկելու նպատակով։
Հանդիպումը փակ էր և քննարկման բովանդակությունը չհանրայնացվեց, այնուամենայնիվ այն լայն արձագանք ստացավ, ինչպես հանրության, այնպես էլ քաղաքական տարբեր դերակատարների շրջանում։
Տարատեսակ շահարկումներին տեղ չտալով նշենք, որ հանձնախումբն այս պահին շարունակում է ակտիվ աշխատել և հանդիպումներ ունենալ ելնելով ավելի վաղ սահմանած իր նպատակից։
Այս գործընթացը չի կարող լինել ներքաղաքական որևէ շահարկման առարկա, ավելին մեր կողմից անընդունելի է ցանկացած միտում, որն ուղղված կլինի Արցախի մեր հայրենակիցների գործոնը ներքաղաքական տարաբնույթ խմորումներում օգտագործելուն։
Այս պահին ընթացող աշխատանքների և հանդիպումների արդյունքներն առաջիկայում կներկայացվեն հանրությանը։