Մոսկվան Հռոմի կանոնադրության պահանջները շրջանցելու առաջարկություն ներկայացրել էր Երևանին․ ՌԴ ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄինչ Հայաստանը կվավերացներ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը, Մոսկվան այն շրջանցելու առաջարկություն էր ներկայացրել Երևանին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության պատասխանում Lenta.ru-ի հարցմանը։
Հարցումը վերաբերում էր Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանի հայտարարությանը։ Նրա խոսքով՝ վավերացումից մի քանի ամիս առաջ Երևանը Մոսկվային առաջարկել է ստորագրել համաձայնագիր, որը հնարավորություն է տալիս շրջանցել կանոնադրության պահանջները։ Սակայն, ըստ նրա, պատասխան չի ստացել։
«Դա չի համապատասխանում իրականությանը», - ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում՝ հավելելով, որ Մոսկվան պատասխանել է Երևանի առաջարկին։
«Երկկողմ խորհրդակցությունների ժամանակ ռուսական կողմն ի պատասխան առաջարկներ է ներկայացրել՝ գնալ ՄՔԴ մեխանիզմների կիրառման ճանապարհով՝ առանց Հռոմի ստատուտը վավերացնելու։ Նման պրակտիկա կա։ Ցավոք, մեր փոխզիջումային լուծումներն անտեսվեցին»,- ասվել է պատասխանում։
ԱԳՆ-ն նաև նշել է, որ Երևանը «զուտ քաղաքական նկատառումներով» որոշել է վավերացնել ՀՍ-ն։ «Եթե Երևանը շարունակում է շահագրգռված մնալ իր իսկ ձեռքով ստեղծված խնդիրների լուծումով, ապա, մեր կարծիքով, դրա հնարավորությունները կան Հայաստանի իրավական համակարգի շրջանակներում»,- հավելել է գերատեսչությունը։