ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատյան դաշտավայրում խորքային հորերի ապօրինի ջրօգտագործումը կքրեականացվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արաքս գետի աղտոտման հետ կապված՝ Իրանի մեր գործընկերների հետ աշխատում ենք: Այդ մասին Ազգային ժողովում շրջակա միջավայրի՝ 2024 թվականի բյուջետային հատկացումնեի մասին քննարկման ժամանակ ասաց նախարար Հակոբ Սիմիդյանը՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերին եղել է Իրանում, և այժմ սպասում են իրանցի գործընկերների այցին Հայաստան՝ համատեղ մոնիթորինգ իրականացնելու:

 

«Տվյալներ ունենք, գիտենք որոշակի վերլուծությունների արդյունքում, որ Արաքս գետը աղտոտվում է ոչ առաջին հերթին այստեղ, այլ ջուրը աղտոտված է լինում նաև մինչև ՀՀ սահման հասնելը: Բայց, իհարկե, ամենակարևոր գործընթացը մեր համատեղ աշխատանքի, մեր համատեղ մոնիթորինգի պրոցեսը կլինի»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ շատ երկար ժամանակ ձգվող խնդիրը ոչ ուշ ապագայում կլուծվի:

 

Անդրադառնալով Արարատյան դաշտի ջրային ռեսուրսներին՝ Սիմիդյանը նշեց, որ Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի պահպանման լուրջ խնդիր կա, և որ ջրօգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով համալիր գործողություններ են արվում:

 

«Ջրային օրենսգրքով սահմանված է «փակ շրջանառու» համակարգը, մենք նաև այս պահին համակարգի կարգն ենք սահմանում: Արդեն ունենք պատրաստած փաթեթը, գլխադասային հանձնաժողովում քննարկել ենք և առաջիկայում կներկայացնենք Կառավարությանը, որը կնշանակի, որ ձկնաբուծարաններն իրենց արտադրական գործընթացը ջրի օգտագործման իմաստով շատ ավելի ադյունավետ կօգտագործեն»,- ասաց նա և հավելեց, որ Ջրային օրենսգրքում և Քրեական օրենսգրքում փոփոխությունների արդյունքում կքրեականացվի Արարատյան դաշտավայրում խորքային հորերի ապօրինի ջրօգտագործումը:

 

Սիմիդյանը նաև տեղեկացրեց, որ այս տարվա «շատ ավելի արդյունավետ» աշխատանքի արդյունքում հաշվառվել են ապօրինի հորերի և տիրազուրկ հորերի աշխարհագրությունը: Աշխատանքների ամբողջական ամփոփումից հետո կբյուջետավորվի, և պարզ կդառնա, թե քանի տարում հնարավոր կլինի այդ հորերը լուծարել կամ կոնսերվացնել:

 

Սիմիդյանը ամենակարևոր փոփոխությունը, որ հունվարի 1-ից կմտնի ուժի մեջ, ջրօգտագործողների էլեկտրական առցանց ջրաչափերի կարգավորումներն է համարում:

 

«Մենք օնլայն ռեժիմով կիմանանք, թե որ ջրօգտագործողն ինչքան ջուր է օգտագործում և, ըստ էության, կիմանանք՝ որևէ սահման խախտո՞ւմ է, թե՞ չէ»,- ասաց նախարարը և հավելեց, որ Արարատյան դաշտի արտեզյան ջրերը ամենօրյա ուշադրության կենտրոնում են, ապա հավելեց. «Շուրջ 55 դիտակետում արձանագրում ենք, որ ջրային պաշարների մակարդակի բավականին անհանգստացնող նվազում ունենք, և, իհարկե, այս բոլոր քայլերով կկարողանանք առաջիկայում բացասական դինամիկան փոխել և դրականի վերածել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular