«Գրեթե ցանկացող չի եղել այդ բեռը վերցնել». Ինչու եւ ինչպես Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի նախագահ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹեզեր են շրջանառվում, որ որոշակի պադվալային պայմանավորվածությունների արդյունքում է իմ թեկնածությունը առաջադրվել Արցախի նախագահի պաշտոնում. Դա կեղծ օրակարգ է եւ չի համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
«Իրականում հարցը հետեւյալն է, որ Արցախի ԱԺ-ում 4 քաղաքական ուժերից 4-ը դիմել են ինձ եւ մենք բավականին երկար քննարկումներ ենք ունեցել, որից հետո որոշել են առաջադրել իմ թեկնածությունը որպես Հանրապետության նախագահ: Դուք էլ եք հիշում, որ 2020-ի ընտրություններում մենք ունեցել ենք 14 թեկնածու, սակայն այս բարդ իրավիճակում մենք գրեթե չենք ունեցել ցանկացողներ այդ բեռը վերցնել իր վրա: Որպես թեկնածու շոշափվում էր իմ անձը, եւ ինչքան ես տեղյակ եմ եւ ինչպես հետո պարզվեց, նաեւ Սամվել Բաբայանի թեկնածությունը, որը նաեւ իրեն չի առաջադրել իր կուսակցությունը. Որը համարում է իրեն հանրապետությունում երկրորդ ուժը:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են կանգնել իմ թեկնածության վրա, ես ուզում եմ պարզ պատասխան տալ, որ ես իմ անցած ճանապարհով, Արցախում իմ ապրած տարիները երեւի թույլ են տվել այն ուժերին, որոնք առաջադրել են իմ թեկնածությունը, հաշվի առնել, որ ես չունեմ հանցավոր անցյալ, ես իմ աշխատանքի ընթացքում չեմ ունեցել քրեական գործեր իմ վրա հարուցված յուրացումների, պետությանը հասցրած վնասի կամ բարոյական այլ խնդիրներ: Երեւի հենց դա է եղել պատճառը, որ այդ քաղաքական ուժերի մեջ եղել է այդ կոնսենսուսը»,-ասաց նա:
Շահրամանյանի խոսքով, ինքը հասկանում էր, թե ինչ մեծ պատասխանատվություն է ընկնում իր վրա եւ ինքը գիտակցաբար է գնացել այդ քայլին՝ «հաշվի առնելով, որ ես չէի պատրաստվում լքել Արցախը, իմ ընտանիքը միշտ ապրում էր Արցախում, իմ տղան շարունակում էր ծառայել Արցախի բանակում»:
«Այս ամենը ինձ տալիս էր այն համոզմունքը, որ անհրաժեշտ է վերցնել այդ պատասխանատվությունը եւ փորձել դուրս գալ այս ծանր իրավիճակից»,-ասաց Շահրամանյանը: