ՀԱՄԱՍ. Իսրայելի հարվածները խոչընդոտում են Գազայի հատվածից պատանդների ազատ արձակմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է ազատ արձակել բոլոր գերեվարված քաղաքացիական անձանց, սակայն Գազայի հատվածի ինտենսիվ ռմբակոծությունները թույլ չեն տալիս դա անել, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում այցով գտնվող քաղբյուրոյի անդամ, ՀԱՄԱՍ-ի արտաքին կապերի բաժնի ղեկավար Մուսա Աբու Մարզուկը։
«Ինտենսիվ ռմբակոծություններ, զանգվածային սպանություններ և ավերածություններ են տեղի ունենում: Նրանք ռմբակոծում են ինչ պատահի՝ մարդկանց և ենթակառուցվածքները, և (պատանդների տեղաշարժը - խմբ.) ուղղակի անհնար է, մենք չենք կարող երաշխավորել նրանց կյանքի փրկությունը»,- պարզաբանել է նա։
Քաղբյուրոյի անդամի վկայությամբ, Իսրայելի հարվածներն արդեն սպանել են ավելի քան 7000 մարդու, այդ թվում՝ 3000 երեխաների, ոչնչացրել են 250.000 բնակարանային միավոր:
Ինչպես նշել է Աբու Մուրզուկը, շարժումը էսկալացիայի առաջին օրվանից ասում էր, որ չի ցանկանում պատանդ պահել քաղաքացիական անձանց, սակայն իրեն անհրաժեշտ են համապատասխան պայմաններ նրանց ազատման և անվտանգ վերադարձի համար: Միևնույն ժամանակ, Իսրայելը, ըստ նրա, հրաժարվել է արձագանքել «այս մարդասիրական կոչին» և շարունակել է ռմբակոծությունը «քանի դեռ այդ պատանդներից մոտ 50-ը չսպանվեցին»:
Հինգշաբթի օրը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի՝ «Ալ-Քասամ»-ի, բրիգադների ներկայացուցիչ Աբու Ուբայդան հայտարարել էր, որ շարժման գնահատմամբ, մոտ 50 իսրայելցի պատանդ է զոհվել Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծության հետևանքով:
Շարժումը ավելի վաղ հայտնել էր իսրայելական հրետակոծության հետևանքով առնվազն 21 պատանդների, այդ թվում՝ չորս օտարերկրացիների զոհվելու մասին։
Տարբեր գնահատականներով, հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում գերեվարված 200-250 պատանդները տեղափոխվել էին Գազայի հատված։