ԲՏԱ նախարարն ընդունել է Բելգիայի դեսպանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Հայտնել է նախարարությունը։
Նախարարը ողջունել և շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ, այնուհետև ներկայացրել նախարարության գործունեության շրջանակները և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, և նշել, որ իր համար պարտավորեցնող է լինել ՀՀ-ում առաջին դեսպանը: Հայաստանում Բելգայի դեսպանատան բացումը կարող է լուրջ նախադրյալներ ստեղծել երկու երկրների տեխնոլոգիական համայնքների միջև ամուր կապեր ստեղծելու և համագործակցության հեռանկարներ նախանշելու համար:
Հանդիպման ընթացքում մանրամասներ են ներկայացվել մեր երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ենթակառուցվածքների, ընկերությունների գործունեության, զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել «Ինժեներական քաղաք» ծրագրին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, «Սևան ստարտափ սամիթ»-ին, Հայաստանում անցկացվող տեխնոլոգիական ցուցահանդեսներին, տեխնոլոգիական կրթության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Հանդիպման ավարտին դեսպան Էրիկ Դե Մույնքին հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում կձեռնարկի անհրաժեշտ քայլեր նախարարության գործունեության ոլորտներում Հայաստանի և Բելգիայի միջև կապեր ստեղծելու և ամրապնդելու համար։