3+3-ը ցուցանեց Հայաստանի մեկուսացվածությունը տարածաշրջանում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԹեհրանում երեկ կայացած 3+3 ձևաչափով հանդիպումը հերթական անգամ ցույց տվեց Հայաստանի մեկուսացվածությունը տարածաշրջանային խնդիրներին։ Թերևս միայն Իրանի դիրքորոշումն էր, որի շնորհիվ Միրզոյանին լուրջ ճնշումների չենթարկեցին։ Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան գրեթե համատեղ և սինխրոն էին գործում իրենց դիրքորոշումները ներկայացնելիս, իսկ Միրզոյանն ընդհանրապես խեղճացած վիճակում էր։
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին առանձին հանդիպումներ է ունեցել, թե՛ Միրզոյանի և թե՛ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, առանձնահատուկ ընդգծել տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը, ինչը վկայում է, որ հերթական անգամ Սյունիքի հարցում Հայաստանի հույսը ոչ թե Արևմուտքն է, այլ Իրանը, և բացառապես Իրանի դիրքորոշումների շնորհիվ է, որ Հայաստանը դեռ կարողանում է պահպանել իր հարավային ամենակարևոր տարածքը։
3+3 ձևաչափին երեկ անդրադարձել է նաև Միացյալ Նահանգները։ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները ողջունում են ցանկացած բարեխիղճ ջանք, որը նպաստում է խաղաղությանը Հարավային Կովկասում։ «Մենք հասկանում ենք, թե ինչ փխրուն աշխարհագրական դիրք ունի Հարավային Կովկասը Ռուսաստանի և Իրանի նկատմամբ , բայց չենք կարծում, որ այս երկրները հուսալի գործընկերներ են, մեղմ ասած», -նշել է Միլլերը։ Վաշինգտոնն այս կերպ մատնում է իր նեղացվածությունը՝ տարածաշրջանային խնդիրներին Իրանի վրա Հայաստանի հենվելու պատճառով, միևնույն ժամանակ Հայաստանը չունի այլընտրանք և ստիպված է խոստովանել, առավել ևս, որ Իրանը գտնվում է մոտակայքում և ռեալ ուժ է իրենից ներկայացնում, մինչդեռ Արևմուտքը բավարարվում է միայն հայտարարություններով։
Կարինե Ղազինյան