Հայ-ֆրանսիական ռազմական պակտ. Ռուսական մեդիայի կոշտ արձագանքը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՊաշտոնական Երևանն ու Փարիզը ռազմական համագործակցության պայմանագիր են ստորագրել, որոնցով որոշվել է, որ ռադարներ, երկիր-օդ հրթիռներ են փոխանցելու Հայաստանին, ինչպես նաև ֆրանսիական կողմը պարտավորվելու է օգնել Հայաստանին՝ զինված ուժերի բարեփոխումների հարցում։
44-օրյա պատերազմից հետո Հայաստանը զենք է գնում արդեն երկրորդ երկրից, առաջինը Հնդկաստանն էր, որի հետ մի քանի պայմանագրեր են կնքվել։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում Հայաստանին զենք մատակարարելու ցանկություն ունեն նաև եվրոպական ևս երեք երկրներ։
Միևնույն ժամանակ Հայաստանը չի կարողանում հետ ստանալ արդեն երկու տարի Ռուսաստանին փոխանցած շուրջ 250 միլիոն դոլարը, Ռուսաստանն ինքն էլ զենքի սուր կարիք ունի և չի կարողանում կատարել իր պայմանագրային պարտավորությունները, ինչպես նաև չափազանց զայրացած է Նիկոլ Փաշինյանի վարքից։ Զարմանալի չէ, որ Ֆրանսիայում ռազմական համագործակցության համաձայնագրի ստորագրելուց անմիջապես հետո, ռուսական Առաջին ալիքի եթերում երեկ գրեթե մեկ ժամանոց հաղորդում էր նվիրված Նիկոլ Փաշինյանին։ Թերևս ռուսական քարոզչամեքենան միշտ է աչքի ընկել Հայաստանի իշխանություններին լկտիաբար քննադատելու իր մոտեցումներով, սակայն երեկվա հաղորդումը գերազանցեց բոլոր նախորդներին։ Ցավալիորեն այդ հաղորդման ժամանակ օգտագործեցին նաև հայաստանյան ընդդիմադիրներին, որոնք, թեև արդարացիորեն քնադատություն էին հնչեցնում Նիկոլ Փաշինյանի հասցեին, սակայն միաժամանակ ի ցույց էին դնում Հայաստանի ընդդիմության շարքերում տեղի ունեցող խորքային գործընթացները, երբ գործող վարչախմբի դեմ միավորվելու փոխարեն մեղադրանքներ են հասցեագրում մեկը մյուսին, և դրա շնորհիվ է, որ որքան էլ Ռուսաստանը և այլ կողմեր փորձեն նպաստել Փաշինյանի հեռացմանը, վերջինս կարողանում է երկպառակտությունների միջոցով պահպանել իր իշխանությունը։
Դինա Մելքոնյան