«ԼՂ 100 000-ից ավելի բնակիչներ՝ հայեր և ռուսներ, ստիպված եղան լքել իրենց հայրենիքը․ տեղի ունեցածը Ռուսաստանն ընկալում է որպես սեփական ողբերգություն»․ Կոպիրկին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը Ռուսաստանն ընկալում է որպես սեփական ողբերգություն, հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Հայաստանում ռուսաստանցի հայրենակիցների 15-րդ համաժողովում:
«Մեր համաժողովը անցնում է արտասովոր պայմաններում ՝ ժամանակակից Հայաստանի պատմության ամենամռայլ էջերից մեկի ֆոնին։ Մենք ականատես եղանք, թե ինչպես Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակիչներ՝ հայեր և ռուսներ, ստիպված եղան լքել իրենց հայրենիքը։ Այս ողբերգության առաջին իսկ օրերից Ռուսաստանի կողմից աջակցություն է ցուցաբերվում ինչպես մասնավոր կազմակերպությունների, այնպես էլ պետական մակարդակով։ Ռուսաստանի կողմից դա ընկալվում է որպես սեփական ողբերգություն»,- Սերգեյ Կոպիրկինի խոսքերն է մեջբերել «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Հայաստանում ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն իր հերթին ընդգծել է, որ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն վերանայել է իր առաջնահերթությունը և կենտրոնացել Արցախից բռնի տեղահանվածներին մարդասիրական օգնություն տրամադրելու վրա:
Արցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը, որը վերջին ողբերգական իրադարձությունների ականատեսն է, նշել է, որ տեղահանվածների մի մասը, որոնք ռուսաց լեզվի կրողներն են, Հայաստանում կամրապնդեն ռուսական մշակույթը։