«Արդյո՞ք ֆրանսիան հիմա էլ Հայաստանի ընկերն է»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՖրանսիական Le Nouvel Economiste հրատարակությունը գրում է, որ Ադրբեջանին հաջողվել է հաստատվել որպես անփոխարինելի գործընկեր։ Սա այն հարցն է, որը հետ է պահում եվրոպացիներին այն որոշումներից, որոնք պետք է կայացվեն այդ դաշնակցի ռազմատենչ պահվածքի պատճառով:
Անցյալ տարի ապրիլին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման ժամանակ, Էմանուել Մակրոնը վերահաստատեց Ֆրանսիայի «ուժեղ աջակցությունը» Հայաստանին...բայց շարունակեց Ադրբեջանից գազ ստանալ։ Սակայն վերջին երեք տարիների ընթացքում այդ երկիրը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ մի ամբողջ ռազմական և գաղափարական արշավ է իրականացնում նպատակ ունենալով ոչնչացնել նրանց։ Չնայած հարուստ ընդհանուր պատմությանը և իր տարածքում Եվրոպայի ամենամեծ հայկական համայնքի առկայությանը` ավելի քան 450,000 հայ, Ֆրանսիան պաշտոնապես չի դատապարտել Ադրբեջանին 2020 թվականից սկսած Թուրքիայի կողմից աջակցվող նվաճողական ձեռնարկումների համար:
Ֆրանսիան հայ ժողովրդի հետ բարեկամության և մտերմության երկարամյա ավանդույթ ունի, որը սկիզբ է առել դեռ միջնադարից։ Արդարև, մշակութային բազմաթիվ ընդհանրություններ կան Հայաստանի հետ, որը եղել է աշխարհի առաջին քրիստոնյա թագավորությունը դեռ 301 թվականին։ Օսմանյան խալիֆայության անկումից հետո Ֆրանսիան պատասխանատու էր Օսմանյան կայսրության քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանության համար։ Դեռ 1915 թվականի ցեղասպանությունից շատ առաջ ֆրանսիացի մտավորականներն ու քաղաքական գործիչները սկսել էին ուշադրություն դարձնել օսմանյան հայերին հալածելու գործին:
«Արևելքի ժողովուրդների» նկատմամբ այդ հետաքրքրությունից 1900 թվականին ծնվեց «Հայաստանի մասին» թերթը, որի խմբագրությունը միավորեց Ժան Ժորեսին և Ժորժ Կլեմանսոյին կամ Անատոլ Ֆրանսին, և որը նշանավորեց հայաֆիլ շարժման սկիզբը Ֆրանսիայում։ Ցեղասպանությանը հաջորդած տարիներին Ֆրանսիան էր, որ իրեն ներկայացրեց որպես հայերի հովանավոր, քանի որ Կիլիկիան, որն այսօր համապատասխանում է Թուրքիայի ներկայիս Ադանա նահանգին, հայերի համար ապաստանի երկիր էր ֆրանսիական պրոտեկտորատի տեսքով, բացի այդ ֆրանսիան այդ ժամանակից դարձավ հայկական սփյուռքի «բնական» աքսորավայրը։
Ֆրանկո-հայկական բարեկամությունն այդպիսին է 20-րդ դարի սկզբից, ինչը մեծապես բացատրում է Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հակասություններով, հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ, ինչպես նաև այն փաստով, որ ֆրանսիան Թուրքիայի ԵՄ անդամակցության ամենադեմ երկրներից մեկն է։ 1998 թվականին Ֆրանսիան դարձել է առաջին երկրներից մեկը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և Հայաստանի Հանրապետությունը։
Այնուամենայնիվ, ներկայումս Հայաստանում արդեն ապաստան գտած արցախցի 100,000 հայերի հետ կապված իրավիճակի մասին ֆրանսիական պետության ամենաբարձր մակարդակների դիվանագիտական արձագանքը հեռու է համարժեք լինելուց: Մի՞ թե 1890-ականներին հայ ժողովրդին պաշտպանելու համար ռազմական միջամտության կոչ անող Ժորեսի և Անատոլ Ֆրանսի ժամանակներն ավարտվել են։ Եվ դա չնայած նրան, որ այսօր բոլոր քաղաքական շերտերի ֆրանսիացի խորհրդարանականները շարունակում են իրենց նախորդների ավանդույթը՝ պարբերաբար իրենց աջակցությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հայերին հակամարտության հենց սկզբից՝ ֆորումների, բանաձևերի և լրատվական ռեպորտաժների միջոցով: Օրերս Սենատը հերթական անգամ կոչ է արել կասկածի տակ դնել 2022 թվականի հուլիսին Ադրբեջանի և Եվրամիության, ինչպես նաև Եվրախորհրդարանի միջև ստորագրված էներգետիկ համաձայնագիրը, և ճնշող մեծամասնությամբ ընդունել է Բաքվի դեմ «նպատակային պատժամիջոցներ» սահմանող տեքստ։
Իրականում Ֆրանսիայի հարաբերական լռությունը հայերի նկատմամբ կարելի է բացատրել աշխարհառազմավարական սխալ հաշվարկներով։ Եվրոպական մայրցամաքը ներքաշվել է Ուկրաինական հակամարտության մեջ, և թուլացրել է ԵՄ երկրների էներգետիկ հավասարակշռությունը, որոնք մինչ վերջերս ռուսական գազի սպառողներ էին։ Արդյունքում որոշվել է մինչև 2027 թվականը կրկնապատկել Ադրբեջանից գազի ներկրումը, որը կփակի ԵՄ-ի տարեկան սպառման 5 %-ը։ Ավելին, քանի որ Եվրոպան ձգտում է զարգացնել տրանսպորտային ենթակառուցվածքը մայրցամաքի և Կենտրոնական Ասիայի միջև, և միաժամանակ խուսափել Ռուսաստանից և Իրանից, Ադրբեջանին հաջողվել է հաստատվել որպես անփոխարինելի գործընկեր: Իրականում շատ հարցեր կան, որոնք հեռու են պահում եվրոպացիներին այն որոշումներից, որոնք պետք է կայացվեն այդ դաշնակցի ռազմատենչության պայմաններում, որը սկսում է արդեն անզուսպ դառնալ...
Այնուամենայնիվ, երկարաժամկետ հեռանկարում Եվրոպայի սպասողական մոտեցումը սխալ հաշվարկ է: Հակամարտությունը ոչ միայն հեռու է կարգավորվելուց, այլ նաև ամենայն հավանականությամբ կտարածվի: Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեն թաքցնում, որ իրենց հաջորդ նպատակը Զանգեզուրի միջանցքն է, նույնիսկ եթե դա նշանակում է կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Ֆրանսիան, որպես մարդու իրավունքների ինքնահռչակ օջախ, Հայաստանի հետ իր ընդհանուր անցյալի և իր հողի հայ համայնքի նկատմամբ հարգանքի պատճառով, այլևս չի կարող հանդուրժել Անդրկովկասում էթնիկ և մշակութային զտումների շարունակությունը, ինչպես և չի կարող բավարարվել միայն կոչերով և դիվանագիտական մանևրներով: Հայաստան ռազմական տեխնիկա ուղարկելը կամ դիվանագիտական հանդիպումները, նույնպես բավարար չեն։ Ֆրանսիան հնարավորություն ունի իրեն ցուցադրել որպես եվրոպական արձագանքի լոկոմոտիվ և Ադրբեջանի իշխանություններից պահանջի բռնությունների դադարեցում, պահանջի գազային համաձայնագրի կասեցում, վտարի ադրբեջանական դիվանագիտական անձնակազմին Ֆրանսիայի տարածքից, սառեցնի Ադրբեջանի ղեկավարների ակտիվները, համակարգի մարդասիրական օգնությունը Հայաստանին և կազմակերպի միջազգային ուժերի մուտքը տարածաշրջան։ Իսկապես ժամանակն է, որ ֆրանսիան վերսկսի Հայաստանի պաշտպանի իր պատմական և բարոյական առաքելությունը, քանի որ, ամենայն հավանականությամբ, արդեն Հայաստանն է գիշատիչ Ադրբեջանի հաջորդ թիրախը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը