Արևմուտքի և Ռուսաստանի միջև կոնֆլիկտի դեպքում «բոլորովին այլ պատերազմ» կլինի․ Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրևմուտքի և Ռուսաստանի միջև «թեժ» հակամարտությունը, եթե դա տեղի ունենա, չի սահմանափակվի հատուկ ռազմական գործողության շրջանակով, «դա կլինի բոլորովին այլ պատերազմ», - ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում։
Լրագրողի խնդրանքով այսպես է նա մեկնաբանել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի առաջարկությունը՝ պատերազմի պատրաստվել միաժամանակ թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի հետ, այդ թվում՝ հաշվի առնելով միջուկային առճակատման տարբերակը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ելնում ենք նրանից, որ մենք խաղաղություն ենք ուզում, իսկ եթե նրանք ցանկանում են կռվել Ռուսաստանի հետ, ապա սա բոլորովին այլ պատերազմ է, սա հատուկ ռազմական գործողություն չէ», - ընդգծել է Պուտինը։
Նա հավելել է, որ ոչ մի խելամիտ մարդ չպետք է մտքով անցկացնի միջուկային տերությունների միջև պատերազմի հավանականությունը։
«Բայց եթե այն վրա է հասնում, դա պարտադրում է մեզ միայն զգուշանալ: Մենք բոլորս պատրաստվում ենք պատերազմի, քանի որ հետևում ենք հայտնի վաղեմի սկզբունքին․ եթե խաղաղություն ես ուզում, պատրաստ եղիր պատերազմի։ Բայց մենք ելնում ենք նրանից, որ մենք խաղաղություն ենք ուզում»,- ընդգծել է ՌԴ նախագահը։