«ՄՔԴ-ն բանտախուց էլ կհասցնի»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐAif.ru-ն գրում է, որ Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը, որը նախկինում ռուս քաղաքական գործիչներին ձերբակալելու օրդեր էր տվել։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ վավերացման քննարկումներին մասնակցել է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որը նախօրոք հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու օրինագծի ընդունմանը։ Միաժամանակ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են այդ հարցի քննարկումն Ազգային ժողովում և առանց քվեարկության լքել նիստը։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ասել է, որ հայ քաղաքական գործիչները տեղյակ են այդ հարցում Մոսկվայի բացասական դիրքորոշման մասին, բայց առաջնորդվել են սեփական շահերով։
Պետդումայում խայտառակություն են անվանել Փաշինյանի բողոքներն ընդդեմ Ռուսաստանի: Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն անբացատրելի է անվանել Հայաստանում ընդունված որոշումը: «Երևանը վավերացրել է Հռոմի ստատուտը: Դա չմտածված, ռազմավարական առումով ոչ ճիշտ որոշում է, որն առաջին հերթին խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար։ Ցանկացած որոշում և ցանկացած բան կարելի է բացատրել, բայց նրանք, ովքեր դա կայացրել են, նախ պետք է պատասխանեն. «Ինչո՞ւ, իմաստը՞»: Մեր երկրների հարաբերությունների զարգացումը մեր ժողովուրդների ընտրությունն է: Հռոմի ստատուտի վավերացումը հակասում է դրան»,- գրել է Վոլոդինը հեռագրային իր ալիքում։
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն էլ կարծում է, որ Հայաստանը, ըստ էության, որոշել է արգելել ՌԴ նախագահի մուտքը երկիր։ «Հայկական կողմը փորձում է նսեմացնել ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացման նշանակությունը։ Նա պնդում է, որ չի պատրաստվում դա կիրառել Ռուսաստանի պետական պաշտոնյաների նկատմամբ։ Մյուս կողմից մենք պաշտոնապես դատապարտել ենք այդ վավերացումը որպես ոչ բարեկամական արարք։ Մոտ ապագայում Ռուսաստանի Դաշնության նախագահի Հայաստան մեկնելու հեռանկարներ տեսանելի չեն՝ վավերացումով կամ առանց վավերացման»,- ասել է Կոնստանտին Զատուլինը Gazeta.ru-ին տված մեկնաբանությունում։ Նրա խոսքով, հայկական կողմը չի կարող չհասկանալ, որ իր ձեռնարկած միջոցները նշանակում են թույլ չտալ ՌԴ նախագահի մուտքը Հայաստան։ Այդ հարցում Փաշինյանը և իր գործընկերները հետևողական են, կարծում է պատգամավորը, քանի որ նրանք «դեռ անցյալ տարի էին սկսել մարզվել Ռուսաստանի քաղաքական և հասարակական գործիչների մասով»։ Հիշեցնենք, որ 2022 թվականին Հայաստանն արգելել էր RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, մեդիա մենեջեր Արամ Գաբրելյանովի, ինչպես նաև մի շարք այլ անձանց, այդ թվում անձամբ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան։
Կասկած չկա, որ որոշումը կայացվել է, այդ թվում Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի «արևմտյան ընկերների» ազդեցության տակ, ասել է Պետդումայի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ «Պատահական չէ, նախապես հայտարարվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Երևան այցի մասին, ըստ երևույթին, «իրագործվելիքը համախմբելու համար», գրել է Սլուցկին իր հեռագրային ալիքում։ Ի վերջո, ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացումը հետագայում կարող է շրջվել հենց Հայաստանի իշխանությունների դեմ, վստահ է պատգամավորը։
Ինչպես aif.ru-ին հայտնել է Ռուսաստանի վաստակավոր իրավաբան, Մոսկվայի հանրային պալատի անդամ Դմիտրի Կրասնովը, Հայաստանի գործողությունները, ցավոք, սպասելի էին։ «Սա հերթական որոշումն է վերջին 2 ամիսների ընթացքում ընդունվածների շարքից։ Դրանցից մեկը ՀԱՊԿ-ից նրա ներկայացուցչի դուրս գալն էր։ Մյուս հայտարարությունն այն մասին էր, որ ռուս խաղաղապահները միջոցներ չեն ձեռնարկում Արցախի բնակիչներին պաշտպանելու համար, ինչը ճիշտ չէ։ Բացի այդ, եղել է Փաշինյանի կնոջ այցը Կիև, եղել են հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ և դրան հաջորդած հայտարարություններ, որ պետք է խզել հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ։ Ակնհայտ է, որ Հայաստանը փորձում է հարմարվել Փարիզին ու Նյու Յորքին և ինտեգրվել արևմտյան համակարգին։ Փաշինյանի ընտրած կուրսը միտված է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասել է Դմիտրի Կրասնովը։ Սակայն, Մոսկվայի հանրային պալատի ներկայացուցչի կարծիքով, «կյանքն ինքնստինքյան» կարող է հետ բերել Հայաստանին։ «Երբ գազը շահութաբեր գնելու անհրաժեշտություն լինի կամ պաշտպանություն պահանջվի այն պահին, երբ Ադրբեջանը ցանկանում է միջանցք ճեղքել դեպի իր անկլավ Նախիջևան Հայաստանի տարածքով, Երևանի իշխանություններն օգնություն կխնդրեն մեր երկրից և ինչպես մեկ անգամ չէ, որ եղել է՝ Ռուսաստանը նրանց օգնություն կտրամադրի»,- նշել է Դմիտրի Կրասնովը։
Մեդիա մենեջեր Թինա Կանդելակին կոչ է արել հայ քաղաքական գործիչներին հաշվի առնել այն, որ երկիրը չի կարող գոյատևել առանց Ռուսաստանի օգնության։ «Հայաստանը Ռուսաստանից բացի այլ իրական դաշնակիցներ չունի, նա Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի հարևանն է։ Ի՞նչ եք կարծում, Փաշինյանն ունի՞ ծրագիր առանց ռուսական օգնության հետագա կյանքի համար, - գրել է Կանդելակին հեռագրային իր ալիքում,- Փաշինյանը կավարտի իր վրացի գործընկեր Սահակաշվիլիի նման։ Լավագույն դեպքում նրան մոռացություն է սպասում։ Վատագույն դեպքում բանտախուց»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը