1975 թվականի քարտեզը, որին վկայակոչում է Հայաստանը, գոյություն չունի. Ադրբեջանի ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ1973-1986 թվականներին տարբեր ժամանակներում պատրաստվել են մի քանի քարտեզներ: Որպեսզի այդ քարտեզներին հղում արվի, դրանք պետք է հիմնված լինեն միջազգային իրավական փաստաթղթերի վրա, այդ թվում՝ պետք է այս կամ այն ձևով հաստատվեն երկու երկրների կողմից։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
«Հայաստանը դեռևս չի սահմանազատել իր հարևաններից որևէ մեկի հետ սահմանը։ Փաշինյանի պնդումները հստակ ցույց են տալիս, որ հայկական կողմը չի հրաժարվում քաղաքական շահարկումներից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Զուգահեռ հայտարարություններ է տարածում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ մեղադրելով Հայաստանին սուտ պնդումներ հնչեցնելու մեջ։ Մյուս կողմից, սակայն, Ալիևը հայտարարում է, որ պատրաստ է շարունակել աշխատել Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ։
«Եթե ռուսական միջնորդությունը մերժվի հայկական կողմից, կարծում եմ, որ այլընտրանք կարող են լինել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև ուղիղ բանակցությունները», - ասել է Ադրբեջանի ղեկավարը։