ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդիկ փորձում են հասկանալ` ինչ է լինելու Ղարաբաղից հետո. Կոպիրկինը` սյունիքյան այցի մասին. Sputnik Արմենիա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ` գնահատելու Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքները, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և տեղի իշխանության այլ ներկայացուցիչների հետ քննարկելու մի շարք արդիական հարցեր` անվտանգություն, հյուպատոսության բացում, սոցիալական ծրագրեր իրականացնող ընկերություններ և այլն։ Դեսպանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է այցի արդյունքների մասին և պատասխանել առաջնահերթ խնդիրներին վերաբերող հարցերին։

Օգնություն տեղահանվածներին և Սյունիքի նկատմամբ վերաբերմունք

Ռուսաստանը Հայաստանի համար օգնության զգալի փաթեթ է պատրաստում ինչպես պետական, այնպես էլ հասարակական կազմակերպությունների մակարդակով։ Դեսպանի խոսքով` հանդիպման ընթացքում կողմերը հիմնական ուշադրությունը սևեռել են Սյունիքի մարզի խնդիրների վրա։ Տեղի իշխանությունների ուշադրության կենտրոնում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրներն են։ ՌԴ դիվանագետի գնահատմամբ` նրանք հսկայական և արդյունավետ աշխատանք են անում։

Կոպիրկինը վստահեցրեց, որ ՌԴ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Սյունիքի մարզի խնդիրներին և պատրաստ է օգնել դրանց լուծման հարցում` առաջնահերթ կենտրոնանալով մարդասիրական բնույթի հարցերի վրա։ Այդ կապակցությամբ դիվանագետը դրական գնահատեց Ռոսսոտրուդնիչեստվոյի արձագանքը տեղահանվածների առաջնային կարիքներին։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Ռուսաստանը բավական ակտիվ աշխատել է և շարունակում է աշխատել, որպեսզի տարածաշրջանային հակամարտությունը, չնայած բոլոր դժվարություններին, լուծվի ներգրավված բոլոր կողմերի համար արդար հենքի վրա։

«Առանց դրա դժվար է տևական խաղաղություն հաստատել, իսկ մեր նպատակն է, որ այստեղ խաղաղություն լինի։ Հատկապես այն մարդկանց համար, որոնք վերջին տասնամյակներում շատ են տառապել ու հանգիստ կյանք են ուզում իրենց և իրենց երեխաների համար և որոշակի վստահություն ապագայի հարցում», – ընդգծեց դեսպանը։

Կոպիրկինը նշեց, որ փորձել է տեղի ղեկավարությանը ազդակներ փոխանցել այն մասին, որ ՌԴ–ն ակտիվ և հետևողական քայլեր է ձեռնարկել և ձեռնարկելու խնդիրների լուծման հարցում օգնելու համար։

ՌԴ հյուպատոսության բացումը Սյունիքի մարզում

Եվս մեկ կարևոր հարց, որը քննարկվել է տեղի իշխանությունների հետ, Կապանում գլխավոր հյուպատոսության բացումն է։ Կոպիրկինը աջակցության և կառուցողական մոտեցման համար երախտագիտություն հայտնեց Սյունիքի ղեկավարությանը։

Առաջին անգամ Սյունիքում ՌԴ հյուպատոսության հավանական բացման մասին 2023 թվականի մայիսի վերջին հայտնել էր ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պալտովը։ Նրա խոսքով` Մոսկվայում մայիսի 25-ին կայացած Փաշինյան–Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը ողջունել է այդ նախաձեռնությունը։

«Սա նոր և շատ կարևոր պահ է։ Այստեղ մեր դիվանագետների առաջատար խումբ է աշխատում, որը նախապատրաստվում է այդ բացմանը», – նշեց դեսպանը։

ՌԴ զինվորականները Սյունիքում

ՌԴ պատվիրակության մյուս նպատակը մարզում աշխատող ՌԴ ներկայացուցիչների` զինվորականների, 102-րդ ռազմաբազայի գումարտակային խմբի, սահմանապահների հետ շփումն է։ Ինչպես նշեց դիվանագետը, այդ մարդիկ շատ բան են անում, որպեսզի այս բարդ իրավիճակում պահպանեն կայունությունն ու հայկական սահմանների անվտանգությունը։

«ՌԴ զինվորականների և սահմանապահների ներկայությունը անփոխարինելի դեր ունի։ Հատկապես այն պահին, երբ իրավիճակը բավական նյարդային է, շատ է խոսվում «Զանգեզուրի միջանցքի» մասին, և մարդիկ փորձում են հասկանալ` ինչ է լինելու հետագայում` Լեռնային Ղարաբաղից հետո։ Եվ իհարկե ցանկացած գործողություն և քայլ, որոնք օգնում են մարդկանց մեծ վստահություն հաղորդել, շատ կարևոր է», – ասաց Կոպիրկինը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու սոցիալական պատասխանատվությունը

Դիվանագետը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքը` կապված վերջին շրջանում ստեղծված հումանիտար իրավիճակի հետ։ Դեսպանը նշել է, որ այդ ուղղությամբ շատ բան է արվում, և մարզի ղեկավարությունն այդ մասին արդեն հայտարարել է։

Այդ համատեքստում Կոպիրկինն ընդգծեց սոցիալական ծրագրեր իրականացնող ռուսական ընկերությունների ներկայության կարևորությունը տարածաշրջանում, որոնք իրենց առջև միայն «գումար վաստակելու» խնդիր չեն դրել։ Կարևոր է, որ այդ ներկայությունն ընկալվի որպես երկրի զարգացման կարևոր գործոն, ինչպես նաև օգնի սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը։

«Սա դրական է անդրադառնում մեր հարաբերությունների վրա, ինչը հատկապես կարևոր է այսօր, երբ տուրբուլենտային և դժվար ժամանակներ ենք ապրում ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Պետք է մեզնից կախված ամեն բան անենք, որպեսզի պահպանենք և ամրապնդենք մեր հարաբերությունները», – եզրափակեց դեսպանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular