Գազայի հատվածում էսկալացիան կարող է տևել առնվազն 10 օր. Իրաքի ԱԳ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳազայի հատվածում էսկալացիան կարող է տևել առնվազն 10 օր, Իրաքն ակնկալում է, որ ռազմական գործողությունները չեն տարածվի հարևան երկրների վրա. այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում։
«Մենք կարծում ենք, որ, ցավոք, Գազայում ընթացող ռազմական գործողությունները կարող են տևել առնվազն 10 օր»,- նշել է Հուսեյնը։
Իրաքի արտգործնախարարը նաեւ հույս է հայտնել, որ Գազայի հատվածում հակամարտությունը չի ազդի հարեւան պետությունների վրա։
«Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողությունները կարող են հանգեցնել կրակի տարածմանը և կլանել հարևան պետություններին», - հավելել է նա:
Բացի այդ, ըստ Հուսեյնի, «այդ ռազմական գործողությունները դադարեցնելու և պաղեստինյան խնդրի արդարացի լուծում գտնելու համար» անհրաժեշտ է միջազգային միջամտություն։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից ենթարկվել է աննախադեպ հրթիռային հարձակման։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի գրոհայինները զանգվածային հրթիռային հարձակումներից հետո ներթափանցել են Իսրայելի հարավային սահմանային շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության մասին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ երկիրը պատերազմական վիճակում է և հայտարարել է պահեստազորների համատարած մոբիլիզացիա։ Ըստ ԶԼՄ-ների, իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետևանքով Իսրայելի բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 900-ի:
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ շաբաթ առավոտից Գազայի հատվածում եւ Հորդանան գետի արեւմտյան ափին իսրայելցի զինվորականների գործողությունների հետեւանքով զոհվել է 788, վիրավորվել մոտ 4,1 հազար մարդ։
Ալ-Քասամ բրիգադները (Համասի ռազմական թեւը) հայտնել են, որ գերի են վերցրել տասնյակ իսրայելցի զինվորականների և սպաների: ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Մուսա Աբու Մարզուկն ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ավելի քան 100 քաղաքացիներ, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ, գերի են ընկել և պահվել Գազայի հատվածում։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ արեց կողմերին կանգնեցնել Իսրայելի և Պաղեստինի միջև արյունահեղությունը և ռազմական գործողությունները։