ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական չարագուշակ «հաղթանակն» ու նոր հարցականները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու համար Եվրամիությունն ակտիվ նախաձեռնողականություն է ցուցաբերում՝ հասկանալի է՝ առաջին հերթին տարածաշրջանից Ռուսաստանին ամբողջությամբ դուրս մղելու մտադրությամբ։ ԵՄ-ի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումը Բրյուսելում կայացավ հուլիսի 15-ին։ Իսկ սեպտեմբերից սկսեցին խոսակցությունները իսպանական Գրանադա քաղաքում սպասվող հանդիպման մասին։ Ու հատկապես շատ էր քննարկվում այն հարցը, թե արդյո՞ք Գրանադայում որևէ փաստաթուղթ կստորագրվի։ Բայց մինչ Գրանադայի հանդիպումը Ադրբեջանը հասցրեց Արցախի դեմ նոր ռազմական ագրեսիա, իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք՝ իր բնույթին հարիր ահաբեկչություն ձեռնարկել ու հայաթափել Արցախը։ Այդ ամենից հետո հայկական կողմն ուներ բոլոր հնարավորությունները Ադրբեջանի հանցագործություններին համարժեք արձագանքելու համատեքստում ԵՄ-ին պահանջներ ներկայացնելու և նույնիսկ Գրանադայի հանդիպումից հրաժարվելու համար։

Բայց տեղի ունեցավ անսպասելին։ ՀՀ իշխանությունները, որոնք դիտորդի դեր էին ստանձնել այն հարցում, թե ինչպես է հայաթափվում Արցախը, որևէ ծպտուն անգամ չհանեցին իսպանական քաղաքում հանդիպումը բոյկոտելու ու ԵՄ-ին պահանջներ ներկայացնելու հետ կապված։ Փոխարենը Ալիևը հրաժարվեց Գրանադայի հանդիպումից՝ դա պայմանավորելով նրանով, որ դրան մասնակցելու է նաև Ֆրանսիան, որն աջակցում է Հայաստանին, իսկ իր դաշնակից Թուրքիան չի մասնակցելու։ Նախորդ օրը, արդեն իմանալով, որ Ալիևը չի մեկնելու, Փաշինյանը վերահաստատեց, որ գնալու է Գրանադա: «Մենք մինչև այս պահն էլ հաստատել ենք մեր Գրանադա այցելությունը, ընդ որում շատ կառուցողական եւ լավատես էինք տրամադրված, որովհետև մտածում էինք, որ կա հնարավորություն շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու:

... Մենք չենք չեղարկել, մեկնում ենք եւ այնտեղ ունենալու ենք հանդիպումներ եւ փորձելու ենք ավելի դետալացված մեր դիրքորոշումները ներկայացնել: Իհարկե, ցավում ենք, որ հանդիպումը տեղի չունեցավ, բայց հույս ունենք, որ հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի: Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրել եւ ցավում եմ շատ, որ վաղը առիթ չեմ ունենալու հայտարարել, որ այդ շատ կարևոր որոշումը կայացվեց»: Մի խոսքով, Գրանադայի հանդիպումը, որն ի սկզբանե նախատեսված էր հնգակողմ ձևաչափով, տեղի ունեցավ արդեն քառակողմ ձևաչափով, քանի որ Հայաստանը ներկայացված էր, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Եվ ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման արդյունքներով ընդունվեց հռչակագիր, որի համաձայն, «Հայաստանը հավատարիմ է մնում ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29 800 քկմ) և Ադրբեջանի (86 600 քկմ) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»։

Նման հայտարարության տակ Փաշինյանը մեկ անգամ ևս ստորագրել է՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, և հիմա փաստացի վերահաստատեց: Հանդիպումից անմիջապես հետո իշխանական քարոզչամեքենան՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարից սկսած, փորձեց Փաշինյանի՝ Գրանադա մեկնելը և ընդունված հայտարարությունները ներկայացնել որպես մեծ հաջողություն, թե իբր Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: Միևնույն ժամանակ անընդհատ շեշտվում է, թե անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է: Այստեղ մի քանի վտանգավոր հանգամանք կա, կան նաև որոշ հարցեր: Նախ՝ եթե անկլավների հարց չկա, եթե սահմանազատման ու սահմանագծման հարցերը հետագայում են լուծվելու, ի՞նչ հաշվարկով է ճանաչվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը քառակուսի կիլոմետրով: Երկրորդ՝ երբ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչներն սկսում են խոսել հաղթանակի մասին, դա ոչ մի լավ բանի մասին չի խոսում, ավելին՝ արդեն իսկ չարագուշակ նշան է։

Արցախյան 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում էլ ՀՀ իշխանությունները օրուգիշեր ողջ ուժով քարոզում էին, թե «հաղթելու ենք», «հաղթում ենք», նույնիսկ այդ կարգախոսին նվիրված հատուկ ցուցանակներ էին պատրաստել՝ ցույց տալու համար, որ հաղթանակը մոտալուտ է, բայց վերջում պատերազմն ավարտվեց կապիտուլ յացիոն հայտարարությամբ, հսկայական մարդկային ու տարածքային կորուստներով: Հաջորդը: Ադրբեջանն անցած տարի ձեռնամուխ եղավ Լաչինի միջանցքը փակելուն, ապա ՀՀ իշխանություններն այդ հարցով դիմեցին Արդարադատության միջազգային դատարան։ Թեմայի շրջանակներում դատարանը փետրվարի 22-ին որոշում ընդունեց, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Եվս մեկ անգամ էլ Հաագայի դատարանը վերահաստատեց իր այդ որոշումը։

Դրանից հետո մեր իշխանությունները, նրանցից ավելի ակտիվ՝ մերձիշխանական սատելիտները սկսեցին տարփողել, թե՝ Հաագայի դատարանի որոշումը մեծ հաղթանակ է, որին հաջողվել է հասնել, թե՝ ուր որ է, Ադրբեջանը չի դիմանա միջազգային ճնշմանը և այլն: Բայց հընթացս տեսանք, որ Ադրբեջանը ոչ միայն չկատարեց այդ որոշումը, այլև նոր հարձակում նախաձեռնեց Արցախի դեմ։ Այս անգամ էլ Գրանադայում Փաշինյանի «հաղթանակի» արձագանքը երկար սպասել չտվեց։ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում հայտարարեց, որ «Ադրբեջանի ութ գյուղեր դեռ գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ»։ Արցախի հայաթափումը հանգիստ մարսելուց հետո ահաբեկչական կազմավորման ղեկավարը արդեն, ըստ էության, բաց խոսում է ադրբեջանական անկլավների մասին։ Դրա համար էլ հանրության շրջանում հարց է ծագում, թե Փաշինյանը Գրանադայում ի՞նչ փաստաթուղթ է ստորագրել ժողովրդի թիկունքում, որ Ալիևը նոր տարածքներ է պահանջում։

Մյուս կողմից էլ՝ պետք է ի նկատի ունենալ, որ Ալիևը ընդամենը ձևական է հայտարարել, թե ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, առանց հստակեցումների: Ալիևի ու, ընդհանրապես, թուրքադրբեջանական տանդեմի որևէ հայտարարության պարզապես չի կարելի հավատալ: Առավել ևս, որ հենց իշխանության ներկայացուցիչը՝ ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն է հայտարարել, որ Հայաստանը «շաբաթների ընթացքում» Ադրբեջանի կողմից ներխուժում է սպասում։ Արցախի կապիտուլ յացիայից հետո Ադրբեջանը հարձակվելու է հենց Հայաստանի վրա, կարծիք է հայտնել Տիգրան Բալայանը։ «Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ»,- ասել է նա։ Բալայանի խոսքով, այժմ Հայաստանը պնդում է, որ Իլհամ Ալիևը մտադիր է ավելին անել:

Խոսքը, մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» մասին է, որը բուն Ադրբեջանը բաժանում է Նախիջևանից։ Հիշեցնենք, որ խոսքը որևէ փորձագետի, քաղաքագետի կամ ընդդիմության ներկայացուցչի մասին չէ, այլ հայաստանյան դիվանագետի: Այդ դեպքում, ի՞նչ «հաղթանակների» մասին են խոսում իշխանավորները: Մի խոսքով, հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Գուցե ԵՄ միջնորդությամբ սպասվող բրյուսել յան նոր հանդիպումը դրանց որոշ մասին պատասխաններ տա՞...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular