Առաջին ձևակերպումը խորհրդարանում տվեց Փաշինյանը, երբ ասաց, որ բանակցություններում իջեցնում է նշաձողը. Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ2022 թվականի ապրիլին Հայաստանյան իշխանությունը սկսեց բաց տեքստով հայտարարել իր մտադրության` Արցախը հանձնելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Առաջին ձևակերպումը խորհրդարանում տվեց Փաշինյանը, ով ասեց, որ Արցախի հարցով բանակցային գործընթացում իջեցնում է նշաձողը:
Զուգահեռ նրա թիմակիցները սկսեցին հանրությանը «մատչելի բացատրել», որ դրա տակ իրենց առանց առաջնորդը հրաժարվել է ինքնորոշման իրավունքից և խնդրի կարգավորումը տեսնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Ավելի ուշ Փաշինյանը գուժեց, որ խոսքը նույնիսկ Արցախի ինքնավարության մասին չէ, այլ զուտ Արցախի ադրբեջանացման և հայերին էթնիկ փոքրամասնություն դիտարկելու մեջ:
Այս ամենն առավել հասկանալի դարձնելու համար իշխանությունը շրջանառության մեջ մտցրեց` «Արցախը ապագա ունի Ադրբեջանի կազմում», «Ադրբեջանի հայկական համայնք», «Արցախը պատմական Ադրբեջան է» թեզերը:
Եկավ Պրահայի հայտնի գագաթնաժողովը, երբ Փաշինյանն ասեց, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում` ներառյալ Արցախը:
Եվ ինչպես ասում են` պրոցեսը շարժվեց` արագացավ:
Շատերիս մոտ զգացմունքները գերիշխում են:
Նրանք, ովքեր անկեղծ ու ազնիվ փորձում են ելքեր գտնեն ու Արցախի հանձնումը սեփական ողբերգությունն են համարում, պետք է իրենց պայքարը կառուցեն ճիշտ ժամանակագրության, իրողությունների և օբյեկտիվ իրականության շրջանակներում:
Եթե այս պահին եղած ակնհայտ, օբյեկտիվ իրողությունները մի կողմ դնենք և մտնենք այն դաշտը, որը փորձում են մեզ բոլորիս հրել իշխանությունն ու նրա արբանյակները, ինչպես նաև` ողբերգական իրադարձություններով հագեցած էմոցիոնալ իրավիճակները, ապա դա մեզ տանելու իրադրային մոլորությունների, հիասթափության և թևաթափության հարթություն»,- գրել է նա: