«Սա հանցավոր արարք է, որը նախորդ մի քանի դեպքերի հետ Ադրբեջանը կարող է դարձնել վտանգավոր նախադեպ». Արման Թաթոյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուբեն Վարդանյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ազատությունից զրկելը բացահայտ անօրինական է և բացարձակ կամայական. մարդուն ապօրինի ազատությունից զրկելն ու առևանգելը հանցանք է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Սա հանցավոր արարք է, որը նախորդ մի քանի դեպքերի հետ Ադրբեջանը կարող է դարձնել վտանգավոր նախադեպ:
Այս որոշումը բացառապես պայմանավորված է ադրբեջանական իշխանության հայատյաց քաղաքականության, վրեժի շարժառիթներով. առավել ևս քիչ առաջ ադրբեջանական աղբյուրները հրապարակային տեղեկություն տարածեցին ադրբեջանական իշխանության կողմից Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին:
Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր է ամեն քայլ գործադրել` անօրինական ձերբակալումից ու հետագա կալանքից առևանգված մարդկանց ազատ արձակելու համար:
Ազատ արձակելու նպատակի համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելն անհրաժեշտ, բայց որևէ կերպ բավարար չէ. դրա համար պահանջվում է քաղաքական ու իրավական քայլերի ամբողջություն»:
Հիշեցնենք, որ ադրբեջանցիներն այսօր Հակարիի կամրջից ձերբակալել, ապա գերեվարել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։