Հաց բերողը ներկայացրել էր 16 տարվա վաղեմության տեղեկանք Բեխտերևի հիվանդության մասին
ԻՐԱՎՈՒՆՔԱրդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն 2016-ի դեկտեմբերի վերջին Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում անդրադարձել էր«Սասնա ծռեր» խմբի անդամներին «հաց բերող» Արթուր Սարգսյանի առողջական վիճակին՝ նշելով, որ Դատապարտյալների հիվանդանոցում նա ստանում է անհրաժեշտ բուժում:
Արթուր Սարգսյանի ներկայացուցիչներն ահազանգել էին,որ նրա մոտ առկա է Բեխտերևի հիվանդությունը, ինչն անհամատեղելի է կալանավայրում պատժի կրման հետ:
Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ ախտորոշում կարվի, հետո որոշում կկայացվի:
«Այս տարվա դեկտեմբերի 11-ին Արթուր Սարգսյանը գանգատվել է սրտխառնոցից, այնուհետև առողջական վիճակից ու որովայնի հատվածի ցավերից: Դրա համար էլ շտապ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել է անհրաժեշտ ախտորոշման, նրան ցուցաբերվել է այն օգնությունը, որն անհրաժեշտ է եղել: Այն հիվանդությունները, որոնք նրա մոտ առկա են եղել մինչև նույնիսկ կալանքի տակ անցնելը, այդ հիվանդությունների դեմ նա ֆիզիոթերապևտիկ բուժման կուրս է անցել: Նա այդ հերթական կուրսը ստանալու նպատակով է տեղափոխվել Դատապարտյալների հիվանդանոց»,- նշել է նախարարը:
Նա հավելել է, որ միայն օրերս է ներկայացվել 16 տարվա վաղեմության տեղեկանք Բեխտերևի հիվանդության մասին:«Դրա հետ կապված պետք է նշեմ, որ կառավարության որոշման մեջ ոսկրային հիվանդությունները պատժից ազատելու տեսանկյունից պահանջում են զուգորդումներ, այսինքն՝ պրոգրեսիվ ծանր ընթացք, ոսկրամկանային համակարգի ախտահարումներ և այլն: Հիմա, քանի որ տեղեկանքն ընդամենը մի քանի օր առաջ է ներկայացվել և 1999 թվականի տեղեկանք է եղել, այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր, ախոտորոշումներ կկատարվեն: Դրա համար հատուկ հանձնաժողով է աշխատում: Եթե լինեն բոլոր պատշաճ պայմանները, որոնք նախատեսված են կառավարության որոշմամբ, ապա ընթացքը կապահովվի այնպես, ինչպես հարկն է»,- հավալել է նա: