Արցախի ՊԲ-ն կիսասոված կատաղի դիմադրություն է ցույց տվել, տեղեր կան՝ 30-40 կմ քայլել են. Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍկզբնական փուլում գործել է հրետանային, հրթիռային համակարգերը, բավականին ակտիվ են եղել ԱԹՍ-ները, մի փուլում գործել է նաեւ ավիացիան, ցամաքային գործողություններն իրականացրել են Ադրբեջանի տարբեր գերատեսչությունների հատուկ նշանակության ստորաբաժանումները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ներկայացնելով Արցախի դեմ ռազմական գործողությունները:
«Այն կատաղի պայքարը, որ Արցախի ՊԲ-ն, արցախցիները տարել են բառիս բուն իմաստով, առանց նահանջելու, տեղի է ունեցել համատարած սովի, մատակարարումների բացակայության, վառելիքի եւ փոխադրումների բացակայության պայմաններում:Մենք ունենք խմբեր, որոնք առաջնագծի տաբեր հատվածներ օգնության հասել են 20-30-40 կիլոմետր քայլելով»,- նշեց նա։
Պատգամավորի խոսքով, Թաղավարդից հակասական տեղեկություններ են շրջանառվում, եւ ինքը հստակ չի կարող, թե ինչ է տեղի ունեցել, արդյոք գերեվարվել են քաղաքացիներ։
Աբրահամյանն ասաց, թե ադրբեջանցիներն անմիջապես Ստեփանակերտի ծայրամասային թաղամասերի մատույցներում են, Արցախի ոստիկանական ուժերը երեկվանից ուժեղացված ծառայություն են իրականացնում։
«Իրավիճակը շատ լարված է, մարդիկ ծանր հոգեբանական հարված են ստացել, այս իրավիճակում բոլոր գործողությունները պետք է լինեն խիստ հաշվարկված»,- նշեց նա։
Արցախցիներն ամեն ինչ արել են, որ կանխեն այս ամենը. ըստ Աբրահամյանի՝ եթե չլիներ այդ մարդկանց կամքը՝ կռվել ու չնահանջել, կունենայինք շատ ավելի մեծ զոհեր։