Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:
Փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ նրա կարևոր առաքելության մեջ:
Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակը: Այս համատեքստում կարևորվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքները:
Զրուցակիցներն ընդգծել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը ոլորտային բարեփոխումների իրականացման տեսանկյունից: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքեր գործադրել ՀԸԳՀ կիրարկման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
Քննարկվել է նաև ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքը, այս համատեքստում շեշտվել է ԵՄ ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը: