Պատային իրավիճակ Արցախում․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
Վերջին օրերին իրադարձություններն Արցախի շուրջ վտանգավոր հունով են զարգանում: Եթե չասենք՝ պայթյունավտանգ, ապա պատային իրավիճակ է ստեղծվել։ Սեպտեմբերի 9-ին Արցախի նորընտիր իշխանությունները հայտարարեցին, որ, «ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետեւանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն»։ Հայտարարվեց նաեւ․ «Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից»:
Խոսքն Աղդամով ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ ներկրելու մասին էր, որը Ստեփանակերտ պետք է մտներ ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով:
ՀՀ իշխանական քարոզչամեքենան եւ ԱՀ սորոսական շրջանակներն այս հայտարարությունից հետո մեծ աղմուկ բարձրացրին, թե Արցախի իշխանությունները տեղի տվեցին եւ արեցին այն, ինչ Արայիկ Հարությունյանը չէր անում, խոսքն Աղդամով բեռների ընդունման մասին է։
Հիշեցնենք, որ շուրջ երկու շաբաթ է՝ ադրբեջանական Կարմիր մահիկի երկու բեռնատար՝ «մարդասիրական բեռներով», կանգնած է Ասկերանի անցակետում, սակայն արցախցիները հրաժարվում էին ընդունել այդ օգնությունը՝ հայտարարելով, որ չեն կարող իրենց ցեղասպանած պետությունից օգնություն ստանալ։
Արդյոք ռուսները վերջնագրի լեզվո՞վ են խոսել Արցախի իշխանությունների հետ, թե՞ սովից հյուծվելու վտանգն է ստիպել Արցախի իշխանություններին՝ զիջումների գնալ։ Ինչո՞ւ են ԱՀ իշխանությունները համաձայնել Աղդամով բեռներ ընդունել, երբ Շահրամանյանի աջակիցներից շատերն Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ կտրուկ մերժում էին Աղդամի ճանապարհի գործարկումը։
Արցախի մեր աղբյուրները վստահեցնում են, որ խոսքը բոլորովին տարբեր բաների մասին է։ Ասենք, Սամվել Բաբայանն ու նրա գաղափարական աջակիցները դեմ չեն, որ Աղդամով առեւտուր անեն, կամ՝ Ասկերանում մեծ շուկա բացվի, Աղդամից բեռները հասնեն այնտեղ, եւ իրենք Ասկերանից առեւտուրն անեն, սակայն այս դեպքում խոսքն ընդամենը հումանիտար բեռի ընդունման մասին է, ընդ որում՝ ոչ թե Կարմիր մահիկի, այլ՝ ռուսական Կարմիր խաչի միջոցով։
Մենք տեղեկացանք, որ ԱՀ իշխանությունների վերը նշված որոշումից առաջ տեւական բանակցություններ են ընթացել Սամվել Շահրամանյանի եւ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ առաքելության հրամկազմի ներկայացուցիչների միջեւ։ Իսկ որոշումից առաջ մի քանի ժամ ծանր խոսակցություն է ընթացել։ Ռուսները վստահեցրել են, որ սա վերջին շանսն է՝ Լաչինի ճանապարհը բացելու, արձանագրել են, որ Արցախում ծայրահեղ իրավիճակ է, մարդիկ սովի են մատնվում, սրան զուգահեռ՝ Ադրբեջանը մեծ մասշտաբների զինտեխնիկա է կուտակում սահմանների երկայնքով, եւ ցանկացած որոշում կարող է հանգեցնել զինված բախման։ Արցախի կողմից հակադարձել են, որ Լաչինի միջանցքում անխափան երթեւեկության ապահովման գործառույթը, առանց որեւէ նախապայմանների, ռուսները պետք է ապահովեն, սակայն ռուսներն արդարացել են, թե աշխարհաքաղաքական իրադարձություններն իրենց օգտին չեն, իրենց դիրքերն էլ են թուլացել, հիմա համոզել են Ադրբեջանին, եւ չպետք է շանսը բաց թողնել։ Ասել են, որ քանի որ Ալիեւն անձամբ է հայտարարել Աղդամի ճանապարհը գործարկելու մասին, ուստի համարում են նրա հեղինակության խնդիր եւ չեն ուզում հետ կանգնել իրենց պահանջից, եւ այլն, եւ այլն։ Մեզ պատմեցին, որ բանակցություններում վճռորոշ է եղել ռուս հրամանատարների նյարդային ուլտիմատումը, որ սա իրենց կողմից փոխզիջման գնալու վերջին առաջարկն է, եւ որ իրենք էլ չեն պատկերացնում հետագա զարգացումները։
Որոշում կայացնելուց առաջ Շահրամանյանն անձամբ գնացել եւ զրուցել է Ասկերանի հայկական անցակետում արդեն քանի օր հերթապահություն իրականացնողների հետ, ներկայացրել իրավիճակը։ Իսկ իրավիճակն այնպիսին է, որ տան մեծահասակները կարող են օրերով հաց չուտել, որ սահմանափակ հացը բաժին հասնի երեխաներին։ Որոշ տեղեկություններով, մեծ մասի համար, ելնելով իրավիճակից, ռուսական բեռների ընդունման որոշումն Աղդամով ընդունելի է եղել, սական ոմանք, այդ թվում՝ անցակետից լայվ մտնող հայտնի կինը՝ Հերմինեն, մնացել են իրենց դիրքերում եւ պնդել, որ ադրբեջանցիների պահանջը՝ Աղդամի ճանապարհի մասով, չեն կատարելու։
Ինչեւէ, սեպտեմբերի 9-ի երեկոյան ԱՀ իշխանությունները զննող սարքերով ներկայացել են Ասկերանի անցակետ, որպեսզի ընդունեն ռուսական բեռները, սակայն տեղում պարզել են, որ Ադրբեջանը հրաժարվել է պայմանավորվածությունից։ Իսկ ժամեր անց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարեց, որ սա առանձին համաձայնություն է եւ պետք չէ շփոթել այն առաջարկության հետ, որով միաժամանակ բացվելու էին Աղդամի եւ Լաչինի ճանապարհները՝ Կարմիր խաչի մատակարարումների համար։
Սակայն մենք տեղեկացանք, որ Ադրբեջանն անգամ Կարմիր մահիկով բեռներ Ստեփանակերտ տեղափոխելուց հետո չի երաշխավորում, որ Լաչինի միջանցքը կբացի։ ԱՀ իշխող վերնախավը ռուսների հետ անգամ քննարկել է իրենց բեռներն ընդունելու, հետո ցուցադրաբար վառելու ծրագիրը, եթե Լաչինը բացելու երաշխիքներ տրվեն, սակայն դրանք չկան։ Այսպիսով՝ Արցախում, մեղմ ասած, պատային իրավիճակ է ստեղծվել, ու հնարավոր է երկուստեք կոշտ միջոցներ ձեռնարկվեն, քանի որ ադրբեջանական պահվածքը ռուսները նախեւառաջ իրենց դեմ են ընդունում՝ համարելով, որ դրա հետեւանքով Արցախում եւ Հայաստանում հակառուսական վերաբերմունքն էլ ավելի կաճի, ինչը կարող է հանգեցնել իրենց՝ տարածաշրջանից հեռանալուն։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում