«Խոստովանություն. ես՝ Սերգո Փարաջանովը» ներկայացումը՝ Ախմետելիի թատրոնում
ՄՇԱԿՈՒՅԹՍեպտեմբերի 15-ին, 16-ին և 17-ին Թբիլիսիի Ախմետելիի թատրոնում կկայանա թբիլիսահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգո Փարաջանովի վերջին` ինքնակենսագրական կինոսցենարի հիման վրա բեմադրված «Խոստովանություն. ես՝ Սերգո Փարաջանովը» ներկայացման պրեմիերան։
Ախմետելիի թատրոնից հայտնում են, որ ներկայացումը նվիրված է մեծ արվեստագետի ծննդյան 100-ամյակին։
Ներկայացման ստեղծմանն աջակցել է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունը։ Բեմադրության ռեժիսորը Իրակլի Գոգիան է, նկարիչները՝ Իրենա Օհանջանովան, Գիորգի Կաուլաշվիլին: Դերասանական կազմում են Գիորգի Գասվիանին, Նինո Ցիմակուրիձեն, Էլենե Բեժիաշվիլին, Գիորգի Փիրանիշվիլին, Բորիս Ղլոնտին, Ջորջ Դվալիշվիլին և Անանո Գուլեդանին:
Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին: Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո 1946 թվականին ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ:
Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարելիս է եղել ինքնակենսագրական «Խոստովանություն» ֆիլմը, որը, սակայն, անավարտ է մնացել: Կյանքի վերջին օրերին, Թբիլիսիի իր տանն անկողնուն գամված է եղել, երբ որոշել է տեղափոխվել Հայաստան:
Փարաջանովին նվիրված՝ շուրջ 20 ֆիլմ է նկարահանվել: 1991 թվականից Երևանում գործում է Փարաջանովի թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա գծանկարները, կոլաժները, մանրանկարները և Թբիլիսիի բնակարանից տեղափոխած կահ-կարասին: