ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն օգտագործում է «ինտեգրում» եզրույթը՝ քողարկելու պատմական հայրենիքից վտարման քաղաքականությունը․ ԱԳ նախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ռուսական «The Moscow Times» առցանց պարբերականին։

Ներկայացնում ենք ստորեւ.

Հնարավոր համարում եք, որ դիվանագիտական հարթակում Ստեփանակերտի եւ Երեւանի ջանքերը կարող են ստիպել Բաքվին հեռացնել Լաչինի շրջանում տեղադրված հսկիչ անցակետը։ Ի՞նչ գործիքներ կան դրա համար։ Արդյոք հավատում եք, որ Բաքուն կենթարկվի որեւէ պահանջի՝ առանց ուժային պարտադրանքի։

 

Լաչինի միջանցքի պարամետրերն ու շահագործման ռեժիմը սահմանված են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ, որի 6-րդ կետով ամրագրված է Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ անխափան ցամաքային կապը։ Լաչինի միջանցքի վերահսկողությունը վերապահված է բացառապես ՌԴ խաղաղապահ զորակազմին։ Սակայն պետք է ընդգծել, որ ադրբեջանական կողմի դիրքորոշումն ու գործողությունները լիովին հակասում են վերոնշյալ Եռակողմ հայտարարության թե՛ ոգուն, եւ թե՛ տառին։ Այս առումով հրատապ խնդիր է դառնում Եռակողմ հայտարարության շրջանակներում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների, այդ թվում՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ դրույթների՝ Ադրբեջանի կողմից խստիվ եւ անվերապահ իրականացման ապահովումը: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է միավորել ոչ միայն Ստեփանակերտի եւ Երեւանի, այլեւ՝ Եռակողմ հայտարարության այն մասնակիցների ջանքերը, ովքեր իսկապես շահագրգռված են կայունության ապահովման եւ սահմանված պարտավորությունների պահպանման հարցում։

Բացի այդ, միջազգային դերակատարները, որոնք ողջունել են Եռակողմ հայտարարությունը եւ այժմ այն դիտարկում են որպես տարածաշրջանային անվտանգության ներկայիս ճարտարապետության հիմնաքար, նույնպես պետք է իրենց ներդրումն ունենան տարածաշրջանում կայունության ապահովման գործում:

2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված Եռակողմ հայտարարությունը չի ենթադրում Ադրբեջանի որեւէ ներկայություն Լաչինի միջանցքում, առավել եւս՝ վերջինիս կողմից որեւէ վերահսկողական գործառույթի իրականացում։ Այս տեսակետը 2023 թվականի փետրվարի 28-ին վերահաստատել է ՌԴ արտաքին գործերի նախարարը, որն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հստակ ընդգծել է, որ Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքում հսկիչ անցակետերի տեղադրում նախատեսված չէ: Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները հաստատում են Ադրբեջանի պարտավորությունը՝ «ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների երկու ուղղություններով անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով», ինչը բացառում է Լաչինի միջանցքում անցակետի առկայությունը։

Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր՝ նախ «բնապահպանական բողոքի ակցիայի» պատրվակով, իսկ այնուհետեւ Եռակողմ հայտարարության խախտմամբ ապրիլի 23-ին միակողմանիորեն անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանը հետեւողականորեն փորձում է խզել Արցախի ժողովրդի եւ Հայաստանի միջեւ առկա բնական խորը կապերը, զրկել նրան ինքնությունից, ինքնաբավությունից եւ զարգացման հնարավորություններից։ Ադրբեջանը հետեւողական եւ համակարգված կերպով ստեղծում է անտանելի կենսապայմաններ Արցախում, որպեսզի ստիպի Արցախի ժողովրդին ընդունել իր վերջնագրային պահանջները։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը եւ սովի ու հարկադրանքի միջոցով Արցախի ժողովրդին սեփական դիրքորոշման պարտադրումը պաշտոնական Բաքվի ցեղասպանական քաղաքականության մաս են կազմում։ Հետեւաբար, մենք բարձրաձայնում ենք ցեղասպանության հանցագործության կանխարգելման գործում միջազգային հանրության եւ, առաջին հերթին, համաշխարհային դերակատարների պատասխանատվության մասին եւ ելնում ենք նրանից, որ տվյալ պետություններն ու կազմակերպություններն ունեն համապատասխան ռեսուրսներ եւ գործիքակազմ՝ մարդկության դեմ նման հանցագործությունը կանխելու համար։ Հուսով ենք, որ նրանք կօգտագործեն իրենց հնարավորությունների ողջ զինանոցը՝ աղետալի հետեւանքներից խուսափելու համար։

Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ ցեղասպանության կանխարգելումը ոչ միայն միջազգային հանրության բոլոր անդամների իրավունքն է, այլ նաեւ պարտավորությունը։

Ստեփանակերտում կա՞ պաշտոնյաների որոշակի խումբ, որը պատասխանատու է ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու համար։

2020 թվականին ռազմական գործողությունների ավարտից ի վեր՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, արցախյան եւ ադրբեջանական կողմերի միջեւ պարբերաբար անց են կացվել հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք տեխնիկական եւ հումանիտար հարցեր, այդ թվում՝ կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ։

Ինչ վերաբերում է քաղաքական հարցերի քննարկմանը, այդ թվում՝ կապված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման հետ, մենք մշտապես ընդգծել ենք, համաձայնեցված միջազգային ձեւաչափի անհրաժեշտությունը, որի շրջանակներում հնարավոր կլինի ձեռնամուխ լինել փոխընդունելի, հավասարակշռված լուծումների որոնմանը, որոնք կապահովեն կայուն, արդար եւ արժանապատիվ խաղաղություն:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, երկրի այլ լիազոր կառույցների հետ համագործակցությամբ, մշակում եւ Հանրապետության Նախագահի դիտարկմանն է ներկայացնում բանակցային գործընթացի վերաբերյալ համապատասխան առաջարկություններ, նկատառումներ եւ դիրքորոշումներ։

Բացի այդ, առանցքային հարցերի շուրջ քննարկումներ են անցկացվում նաեւ տարբեր քաղաքական ուժերի եւ պատասխանատու անձանց մասնակցությամբ, որից հետո կայացվում են համապատասխան որոշումներ։

Որո՞նք են Արցախի ղեկավարության կարմիր գծերն այդ բանակցություններում: Ձեր գերատեսչությունն արդեն նշել է, որ Ադրբեջանի տարածքում հանդիպումներն առանց երրորդ կողմի ներկայության ձեզ համար անընդունելի են: Ի՞նչ կասեք բանակցությունների օրակարգի մասին: Ի՞նչ եք պատրաստ քննարկել եւ ինչը՝ ոչ:

Արցախի ժողովուրդն ու իշխանությունները բոլորից լավ գիտեն ինչպես խաղաղության, այնպես էլ՝ պատերազմի գինը: Մենք պատրաստ ենք քննարկել բարդ եւ ցավոտ հարցերի ողջ շրջանակը՝ պայմանով, որ բանակցությունների ընթացքն ու արդյունքը չպետք է կանխորոշված լինեն: Իսկ հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի թե՛ անհատական, թե՛ հավաքական իրավունքների բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում, պետք է հստակ միջազգային երաշխիքներ սահմանվեն Արցախի ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի իրացման համար:

Ինչպե՞ս եք վերաբերվում Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի առաջարկներին, ով պնդում է բանակցությունների իր տեսլականի վրա:

Դիրքորոշումների եւ որոշումների մշակման գործընթացում Արցախի Հանրապետության իշխանությունները մշտապես հաշվի են առնում տարբեր քաղաքական ուժերի եւ հասարակական գործիչների առաջարկներն ու տեսակետները: Հանրապետության նախագահը բազմիցս եւ հրապարակայնորեն հայտարարել է, որ եթե քաղաքական ուժերից կամ այլ գործիչներից որեւէ մեկն ունի առաջարկներ կամ ստեղծված բարդ իրավիճակից ելքի տեսլական, ապա իշխանությունները պատրաստ են քննարկելու բոլոր ողջամիտ առաջարկները կառուցողական համագործակցության շրջանակներում՝ պետության ու ժողովրդի ընդհանուր նպատակներին հասնելու համար:

Ձեզ համար սկզբունքորեն ընդունելի՞ է «Ղարաբաղի հայերի ինտեգրում» եզրույթի կիրառումը, որն օգտագործում է Ադրբեջանը:

Նախ, պետք է ընդգծել, որ Ադրբեջանն օգտագործում է «ինտեգրում» եզրույթը՝ քողարկելու Արցախի ժողովրդի բռնի հպատակեցման եւ պատմական հայրենիքից նրա հետագա վտարման ներկայումս իր կողմից իրականացվող քաղաքականությունը: Հետեւաբար, եզրույթների գնահատումն անհնար է առանց հաշվի առնելու այն նպատակները, որոնց համար դրանք օգտագործվում են։

Կարծում ենք, որ ավելի ճիշտ է խոսել փոխընդունելի եւ հավասարակշռված ձեւակերպումների որոնման մասին, որոնք ուղղված կլինեն կայուն ու արդար որոշումների մշակմանը եւ կծառայեն խաղաղության շահերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular