Ադրբեջանի իշխանություններն արցախցի առևանգված երեք ուսանողներին «վարչական պատժի» են դատապարտել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղից առևանգված երեք ուսանողներին «վարչական պատժի» են դատապարտել։
Ինչպես հաղորդում է АПА-ն՝ վկայակոչելով գլխավոր դատախազությանը, «հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ վիրավորական գործողություններ կատարելու փաստի առթիվ»։
Այսօր առևանգված Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի նկատմամբ «միջազգային հետախուզում է հայտարարվել և նրանց նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»։
«Հարցաքննության ժամանակ նրանք խոստովանել են, որ կատարել են այդ արարքը և նշել, որ անկեղծորեն զղջում են և հետագայում նման արարքներ չեն անի։ Հաշվի առնելով մեղադրյալների տարիքը և անկեղծ խոստովանությամբ նրանց անկեղծ զղջումը, քրեադատավարական օրենսդրության պահանջների պահպանմամբ, հումանիզմի սկզբունքի կիրառմամբ՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»,- մեջբերում է լրատվամիջոցը։ Դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ կիրառվել է վարչական կալանք՝ 10 օր ժամկետով։ Դատարանի վճռի կատարումից հետո կապահովվի այդ անձանց վտարումն Ադրբեջանի Հանրապետության տարածքից»։