Երևանի ավագանու ընտրությունները երբեք այսքան քաղաքական չեն եղել. Մանե Թանդիլյան
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրևանի ավագանու ընտրությունները երբեք այսքան քաղաքական չեն եղել, որքան այս անգամ է և երբեք այսքան համահայկական չեն եղել։ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն է այդ մասին հայտարարել երեկ, ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկին։ Նա հորդորել է երևանցիներին անպայման գնալ ընտրությունների։ «Ես 45 տարեկան եմ և իմ ամբողջ քաղաքական կենսագրությունը դրել եմ այս ընտրությունների այս սեղանին, որովհետև համոզված եմ, թե որքան ճակատագրական է դա։ Նվիրում ու ջանք չենք խնայելու մեր սիրելի երևանցիներին բացատրելու այս հանգամանքը»,- նշել է Թանդիլյանն ու հավելել, թե պատրաստ է իր կյանքի հաջորդ 10 տարիները նվիրել երկրին անմնացորդ։ «Այսպես է միայն հնարավոր փոխել ապագան, այլ կերպ՝ երազանքը չիրականացված պաթոսի կվերածվի, իսկ մենք գիտենք՝ երազանքն ինչպես իրականության վերածել»,- նշել է քաղաքապետի թեկնածուն։
Թանդիլյանի խոսքով՝ «ծանր բեռ է գնալ դռնից դուռ, բակից բակ, բացատրել հանրությանը, թե ինչու է այսքան կարևոր այս ընտրությունը, ինչպես է Երևանում ընտրություններով փոփոխություն բերած նոր իշխանություն բեկելու այդ սրընթաց, քանդվող ընթացքը, ինչպես է արտաքին ազդակ դառնալու Երևանից, որ մենք համաձայն չենք այն քաղաքականության հետ, որ որդեգրել են այսօրվա իշխանությունները, պատասխանատվությունը մեծ է քաղաքական ընթացք փոխելու»,- նշել է Մանե Թանդիլյանը։
Նշենք, որ երեկ մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը և ընտրություններին մասնակից մի քանի քաղաքական ուժեր արդեն իսկ հանդիպումներ են ունեցել։ Ի տարբերություն «Ապրելու երկիր» կուսակցությանն, օրինակ, <<Քաղպայմանագրի>> հանդիպումները Նուբարաշենում առանձնապես հաճելի ընթացք չեն ունեցել, և մարդիկ Տիգրան Ավինյանի և նրա կուսակիցների դեմքին պարզապես ասել են, այն, ինչ մտածում են, շատ դեպքերում արձանագրելով, որ գործող իշխանությունները ձախողել են իրենց աշխատանքը ոչ միայն քաղաքական, այլ նաև քաղաքային կառավարման ոլորտներում։
Ալինա Մանթաշյան