Հայտնի է՝ ինչու է արմավիրցի երիտասարդը դաժանաբար սպանել տրանս կնոջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔննչական կոմիտեն պարզել է Երեւանում տրանս կնոջ դաժան սպանության շարժառիթը։
Կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ դեպքից առաջ տուժողի և վերջինս ծանոթ, Արմավիրի մարզի 26-ամյա բնակչի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, նախնական տվյալներով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հարցերի շուրջ, որի ժամանակ վերջինս, Երևանի 28-ամյա բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրա պարանոցի և կրծքավանդակի շրջանում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, այնուհետև հրկիզել է բնակարանը և դեպքի վայրից հեռացել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, դեպքի հանգամանքների շուրջ հարցաքննության ընթացքում, ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ներկայացնելով դեպքի մանրամասները:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 20-ին իր տանն առանձնակի դաժանությամբ սպանվել էր տրանս կին։ Ըստ նախնական տվյալի, Արմավիրի մարզի 26–ամյա բնակիչը սուր ծակող-կտրող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 28-ամյա քաղաքացուն՝ պատճառելով մահ, այնուհետեւ հետքերը թաքցնելու նպատակով հրդեհել է բնակարանը: