ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքի երկակի չափանիշները հայկական ճգնաժամում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Jacobin.com-ը գրում է, որ քանի դեռ Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, Հայաստանին գոյատևելու համար այլ բան չի մնում, քան աշխատել Արևմուտքի հետ: Արևմուտքը իրական է դարձնում խաղաղության հաստատման իր ջանքերը: ԵՄ-ն փորձագետներ է ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանը վերահսկելու համար, և բանակցություններ է վարում Բրյուսելում և Վաշինգտոնում։ Բայց այդ ամենի հետևում այն է, որ Արևմուտքի իրական շահերը Ադրբեջանում են: Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդները չեն փոխել ԵՄ արտաքին քաղաքականությունը: Ավելի շուտ, թվում է, թե դա գովազդային հնարք էր ԵՄ-ի իմիջը բարելավելու համար: ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը նշել է, որ առաքելության նպատակն է «պահպանել ԵՄ-ի վստահությունը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդ»: Մինչ Հայաստանը հարձակման է ենթարկվում, ԵՄ-ն համաձայնվել է մինչև 2027 թվականը կրկնապատկել Ադրբեջանից գազի ներկրումը։ Իսկ Հայաստանին քիչ աջակցություն է տրվում: Վերջերս ԵՄ-ն առաջարկել էր օգնություն ուղարկել Արցախ, սակայն այդ գաղափարը բուռն մերժվել և կտրուկ դատապարտվել է Հայաստանի և Արցախի կողմից։ Ինչու՞։ Որովհետև օգնությունը պետք է գնար Ադրբեջանից, այսինքն այն նույն երկրից, որը սովամահ է անում Արցախը։ ԵՄ Օրուելյան կոչվող «Եվրոպական խաղաղության հաստատությունը» ռազմական օգնություն է տրամադրել Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային, սակայն մերժել է Հայաստանի խնդրանքը։ Ըստ ամենավերջին տվյալների 2018 և 2019 թվականներին ԱՄՆ-ն ավելի քան 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ադրբեջանին: Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի առևտուրը տարեկան 400 միլիոն դոլար է և աճում է, մինչդեռ Հայաստանի հետ առևտուրը դրա մեկ քառորդն է և նվազում է: Միացյալ Նահանգները կարծես թե չեն տեսնում Ադրբեջանի հանցավոր գործողությունները, իսկ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ենթադրում է, որ կա առաջընթաց, և դա չնայած Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը, հրադադարի խախտումներին և հայերին ուղղված սպառնալիքներին: Նույնիսկ երբ Ադրբեջանը փորձում է մաքրել Արցախը հայերից, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվիենն ասում է, որ հավատում է, որ հայերը կարող են ապահով ապրել Ադրբեջանի իշխանության ներքո:

«Երկու կողմերի» համագործակցության շարունակական պահանջը գալիս է այն ժամանակվանից, երբ Հայաստանը զգալի զիջումների գնաց. քսանհինգ տարի Արցախի անկախությանն աջակցելուց հետո Հայաստանն այժմ համաձայն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բացի այդ, Հայաստանը քայլեր է ձեռնարկել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու, որը Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն է և հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Ներկայումս Հայաստանի առաջնային պահանջը պարզ է՝ հարգանք իր ինքնիշխանության և Արցախում ժողովրդի իրավունքների նկատմամբ, բայց Ադրբեջանը հակված չէ այդ պահանջները բավարարել։ Եվ ադրբեջանական ագրեսիային ի պատասխան միջազգային հանրության գործողությունների բացակայությունը միայն ավելի է քաջալերում նրան: Թվում է, թե որքան շատ վնաս տա Ադրբեջանը Հայաստանին և հայերին, այնքան ավելի շատ նպաստներ կարող է ստանալ միջազգային հանրության կողմից։

Հայաստանն ինքը, ոչ թե Արցախը, հայկական վերջին փոխզիջումների կիզակետում է: Ադրբեջանը Հայաստանից պահանջում է հանձնել Զանգեզուրի միջանցքը, այն հողատարածքը, որը կկապի Ադրբեջանն իր էքսկլավի՝ Նախիջևանի հետ։ Այդ քայլն Ադրբեջանին հնարավորություն կտա մուտք գործել դեպի հարավային Հայաստան և կխզի Հայաստանի կապն իր տարածաշրջանային դաշնակից Իրանի հետ: Չնայած Հայաստանի հակազդեցությանը, նույնիսկ Հայաստանի ամենամոտ դաշնակից Ռուսաստանն է դրան աջակցություն հայտնել։ Արևմուտքի կողմից Հայաստանի շարունակական օկուպացիայի դեմ արևմտյան հակազդեցության բացակայության դեպքում այդ միջանցքը կարող է իրականություն դառնալ:

Հայկական ամենամեծ սփյուռքներից մեկը Ֆրանսիայում է, որը արևմտյան միակ պետություններից է, որը խստորեն դատապարտել է ադրբեջանական ագրեսիան։ Դա պայմանավորված է ոչ թե բարեգործությամբ, այլ ավելի շուտ վախով, թե ինչպես կպատասխանեն Ֆրանսիայի հայերն Ադրբեջանին աջակցելուն: ԱՄՆ-ի մոտ մեկ միլիոն հայերն արդեն ճնշում են գործադրում, Կոնգրեսի անդամները պահանջում են դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը: Հայաստանի և հայկական սփյուռքի միջև դաշինքը կարող է հանգեցնել Արցախի շրջափակման ավարտին և անվտանգություն բերել Հայաստանին։

Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը սկզբնական քայլն է դեպի խաղաղություն, սակայն տևական լուծումները կպահանջեն հատուցումներ, վերադարձի իրավունք և պատմական շարունակվող վայրագությունների ճանաչում։ Հայաստանի և Արցախի պաշտպանությունը շատ կարևոր է, քանի որ չզսպվող ադրբեջանական ագրեսիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հայեր չեն մնա տարածաշրջանում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular