Հավայներում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 67-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄաուի շրջանի իշխանությունները տեղեկացրել են եւս 12 զոհի մասին, Հավայներում անտառային հրդեհների զոհերի թիվն այդպիսով հասել է 67-ի, տեղեկացրել է ABC News-ը։
Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային վարչությունը (FEMA) տեղեկացրել է, որ հրդեհը Լահայնա քաղաքում 85 տոկոսով մարվել է, հրդեհը Պուլեհու/Կիհեյում՝ 80 տոկոսով, իսկ Մաուիի վերին մասում՝ միայն 50 տոկոսով։
FEMA-ն հաստատել է, որ հրշեջները դեռ «պայքարում են բոլոր երեք հրդեհների բռնկումների դեմ»։
Քանի որ բնակիչներին այժմ թույլատրված է վերադառնալ Լահայնա, սպասվում է, որ այդ թիվը կավելանա։
Մաուի օկրուգի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝ բնակիչները, որոնք կարող են «փաստաթղթեր» ներկայացնել, որոնք կհաստատեն բնակության վայրը, եւ հյուրանոցում տեղ պատվիրելու մասին փաստաթուղթ ունեցող այցելուները կարող են գնալ Մաուի։ Պարետային ժամը գործում է 22.00-ից մինչեւ 6.00-ն, քանի որ Մաուիի արեւմտյան մասը դեռ էլեկտրականություն եւ ջուր չունի։
Ըստ վերջին տվյալների՝ սա ամենամահասփյուռ տարերային աղետն է նահանգի պատմության մեջ։ Մինչ այդ մահասփյուռ աղետ տեղի էր ունեցել 1960թ., երբ ցունամին խլել էր 61 մարդու կյանք։
Նահանգի գլխավոր դատախազ Էն Լոպեսը ուրբաթ հայտարարել էր, որ իր գերատեսչությունը «հրդեհների ժամանակ եւ դրանից առաջ ընդունված կարեւորագույն որոշումների եւ քաղաքականության համակողմանի վերլուծություն կկատարի»։