ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ իշխանությանը կոչ եմ անում կասկածի տակ չդնել Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքը․ Արայիկ Հարությունյանի ուղերձը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վճռականորեն հորդորում եմ միջազգային դերակատարներին՝ իրենց պարտավորությունների շրջանակում գործուն և արդունավետ քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Արցախի ժողովուրդի դեմ իրականացվող ցեղասպանության հանցագործությունը: Այս մասին ասել է Արցախի նախագահ Եւն իր տեսաուղերձում։

Նա նաեւ Հայաստանի Հանրապետությանը հորդորեց Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետը ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը, հրատապ և կոնկրետ քայլեր ենթադրող բանաձևի ընդունման նպատակով: 

«Կոչ եմ անում բազմապատկել ջանքերը՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Արցախի ապօրինի շրջափակման խնդիրը տեղեկատվական, քարոզչական և այլ հարթակներում ակտիվորեն բարձրաձայնելու և միջազգային հանրությանն իրազեկելու ուղղությամբ: Հորդորում եմ դիմել միջազգային գործընկերներին՝ քննարկելու և սահմանելու պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, վերջինիս կողմից իրականացվող միջազգային հանցագործությունները դադարեցնելու նպատակով: Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին, հասարակական-քաղաքական գործիչներին՝ զգույշ լինել իրավիճակի վերաբերյալ իրենց հրապարակային հայտարարություններում, գնահատականներում, որևէ հայտարարություն կամ գործողություն չպետք է կասկածի տակ դնի Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքը և չպետք է նպաստի Ադրբեջանի հետագա հանցավոր արգրեսիվ գործողություններին»,- ասաց Հարությունյանը:

Նա  Սփյուռքի ներկայացուցիչներին հորդորեց համախմբել  ջանքերը իրենց բնակության երկրների իշխանությունների և հասարակությունների ուշադրությունը սևեռելու Արցախում տեղի ունեցող միջազգային հանցագործություններին և պահանջելու անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել դրանք կանխելու ուղղությամբ: 

«Սփյուռքի մեր հայրենակիցներից ակնկալում ենք աշխատանքներ հետևյալ ուղղություններով՝ պահանջել կառավարություններից խստիվ դատաարտել և կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի շրջափակումը վերացնելու նպատակով Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու ուղղությամբ: Պահանջել կառավարություններից, իրավապաշտպան կազմակերպություններից, ԶԼՄ-ներից և այլ դերակատարներից՝ ուղիղ իրավական որակումներ և քաղաքական գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացվող հանցագործություններին, պահանջել կառավարություններից՝ քննարկել և սահմանել պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ»,- ասաց նա:

Հարությանը կոչ արեց Ռուսաստանի Դաշնությանը՝ ՌԴ խաղաղապահ առաքելության ներկայությունն Արցախում բազմապատկել ջանքերը Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի միջանցքի գործառնությունը վերականգնելու ուղղությամբ: 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ՌԴ-ին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային վճռականորեն կոչ եմ անում՝ որպես հակամարտության կարգավորման գործում անմիջականորեն ներգրավված և միաժամանակ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ-պետություններ իրենց առաջնային պարտավորության շրջանակում գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ դադարեցնելու: Կոչ եմ անում անհատական և միասնական ջանքեր գործադրել՝ ստեղծելու համապատասխան միջազգային մանդատով օժտված ամուր բանակցային ձևաչափ, որը կերաշխավորի բանակցությունների գործընթացի, դրա չափանիշների և վերջնարդյունքի համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին և համամարդկային արժեքներին»,- ընդգծեց Հարությունյանը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ-պետություններին Հարությունյանը հորդորեց անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով մեկնարկած ցեղասպանությունը և առաջացած հումանիտար աղետը, ինչպես նաև ընդունելու բանաձև, որը կպարտավորեցնի Ադրբեջանին՝ անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հորդորում եմ դրսևորել բարոյական և քաղաքական պատասխանատվություն և առաջնորդություն և գործի քնել ՄԱԿ-ի ամբողջ համակարգը՝ կասեցնելու Արցախում տեղի ունեցող միջազգային հանցագործությունների հետագա ընթացքը: Կոչ եմ անում Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին և այլ համապատասխան կառույցներին փոխանցված Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող միջազգային հանցագործությունների վերաբերյալ փաստական և իրավական մանրամասն տեղեկությունները ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, առաջարկում եմ իր բարի ծառայությունների ինստիտուտի միջոցով արդյունավետ ներդրում ունենալ Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման մեխանիզմնի ձևավորման գործընթացում: Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին կոչ եմ անում գործուն քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապությունը փաստահավաք առաքելություն ուղարկելու համար՝ գնահատելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով իրականացվող միջազգային հանցագործությունների հետևանքը: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, Փախստականների հարցերով բարձր հանձնակատարին և մարդու իրավունքների պաշտպանության համար պատասխանատու ՄԱԿ-ի մյուս կառույցներին. պահանջում եմ իրենց մանդատների շրջանակներում իրավական գնահատականներ տալ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործություններին, արձանագրել մարդու իրավունքների զանգվածային խախտումները, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ-պետություններին և այլ միջազգային դերակատարներին ներկայացնել մանրամաս փաստական և իրավական տեղեկություններ Արցախում մարդու իրավունքներին խորացող ճգնաժամի վերաբերյալ»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանը Եվրոպական միությանը կոչ արեց օգտագործել ԵՄ տրամադրության տակ եղած ռեսուրսներն ու գործիքները, ներառյալ պատժամիջոցների կիրառումը, ուժեղացնելու ճնշումն Ադրբեջանի վրա՝ Արցախի շրջափակումը վերացնելու և մարդու իրավունքների զանգվածային խախտումներին վերջ դնելու նպատակով: Հորդորում եմ՝ հավատարիմ մնալ Եվրոպական միության հռչակած արժեքներին ու սկզբունքներին, զերծ մնալ Ադրբեջանի հետ հատկապես էներգետիկ գործընկերությունը, մարդու իրավունքներից ու ազատություններից գերակա համարելու մոտեցումից:

«Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և միջազգային այլ դերակատարներին հորդորում եմ ակտիվորեն ներգրավել Արցախում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների զանգվածային և համակարգային խախտումների մասին իրազեկման արշավին, տալով հստակ իրավական որակումներ և պահանջելով պետությունների կառավարություններից և միջազգային կառույցներից՝ իրականացնել համապատասխան կանխարգելիչ գործողություններ։ Միջազգային հանրության հարգելի ներկայացուցիչներ, որպես իմ այս ահազանգ-ուղերձի ամփոփում, խնդրում եմ՝ հաշվի առնել, որ Արցախն այժմ աշխարհի միակ տարածքն է, որը գտնվում է լիակատար պաշարման մեջ և որտեղ նույնիսկ միջազգային հանրությունը որևէ մուտք չունի: Արդյո՞ք ձեզ համար հարց չի ծագում, թե որն է Արցախի խաղաղասեր ժողովրդին այսպիսի լիակատար մեկուսացման ենթարկելու Ադրբեջանի մղումը: Արդյո՞ք ձեզ չի մտահոգում այն հանգամանքը, որ Արցախը դարձել է մարդու իրավունքների պաշտպանության առումով ոչ թե գորշ գոտի, այլ սև խոռոչ, որտեղ կարող են պատահել մարդկային քաղաքակրթության տեսած բոլոր հանցագործությունները: Արդյո՞ք չեք գիտակցում, որ միջազգային այսպիսի անպատժելիությունը և նոր ցեղասպանության թույլատրումը ծնելու է նորանոր հանցագործություններ, գուցե նաև ձեր ժողովուրդների հանդեպ»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջ քաշած շինծու օրակարգը իրականում Ադրբեջանի հանցավոր արարքները լեգիտիմացնելու փորձ է: Առանց միջնորդների եւ գործուն երաշխիքների նման բանակցություններում Արցախի մասնակցությունը խրախուսելու ցանկացած կոչ ընկալում ենք որպես օժանդակություն Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության իրացմանը: 

«Այս պայմաններով որեւէ նման բանակցություններին Արցախի մասնակցությունը կլինի Ադրբեջանի ցեղասպանական մտադրության իրացման քողարկված ծրագրի ընդունում եւ օրինականացում: Բանակցությունների արդյունավետության ու լեգիտիմության համար անհրաժեշտ է ապահովել, որ կողմերն առնվազն հետեւեն միջազգային իրավունքի նորմերին: Ընդ որում, ինչպես բուն հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկները, այնպես էլ դրանց իրականացման հնարավոր հետեւանքները պետք է մշտապես համահունչ լինեն միջազգային իրավունքների սկզբունքներին եւ համամարդկային արժեքներին: Այս բոլորը սակայն մինչ օրս հաջողությամբ եւ անպատժելիորեն խախտվում են Ադրբեջանի կողմից»,- ասաց Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ Արցախը մշտապես հանդես է եկել եւ շարունակում է հանդես գալ կենսունակ եւ առարկայական բանակցությունների մեկնարկի օգտին, որոնց չափանիշները կհամապատասխանեն արդարության, արժանապատվության եւ հավասարության համընդհանուր սկզբունքներին: 

«Մեր անդրդվելի դիրքորոշումն է, որ անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել բանակցությունների համար բարենպաստ ու հավասար պայմաններ, ապա սկսել համաձայնեցնել բանակցությունների միջազգային մեխանիզմը, որն օժտված կլինի համապատասխան միջազգային մանդատով եւ կսահմանի բանակցային գործընթացի չափանիշները՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի եւ միջազգային պրակտիկայի վրա այլապես առաջարկը բանակցելու մի կողմի հետ, որը չի հրաժարվում մյուս կողմին ցանկացած թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական միջոցներով ոչնչացնելու իր հանցավոր մտադրությունից, քննարկման առարկա լինել չի կարող»,- ասաց Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով՝ Արցախի շրջափակումն ուղղակի շարունակությունն է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Թուրքիայի եւ Մերձավոր Ալեւելքից ահաբեկչական կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի: 

«Ադրբեջանը հետեւողականորեն վարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու քաղաքականություն՝ ուղեկցելով իր գործողություններն ուժի կիրառմամբ եւ մարդու իրավունքների զանգվածային խախտումներով: Այս քաղաքականության վերջնանպատակն է փակել Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքի հարցով։ 2 տարի անց չկարողանալով հասնել իր նպատակներին՝ Արցախի ժողովրդին ռազմական ճանապարհով վտարել հայրենիքից, Ադրբեջանը շարունակում է հետեւողական փորձեր կատարել իր հանցավոր նպատակներին հասնելու համար ոչ ռազմական, բայց ոչ պակաս անմարդկային մեթոդներով»,- ասաց Հարությունյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular