Արամ Ա-ն Վատիկանի եպիսկոպոսի հետ քննարկել է Արցախում առկա իրավիճակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍուրբ Աստվածածին վանքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ընդունել է պապական եպիսկոպոս Պաուլո Պորչիային։ Այս մասին հայտնում է Կաթողիկոսարանը։
Ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպմանը քննարկվել են Լիբանանի նախագահական ընտրությունները, Մեծի Տանն Կիլիկիոյի եւ Վատիկանի հարաբերությունները, միջեկեղեցական այլ հարցեր։
«Վեհափառ Հայրապետը հատուկ կերպով պապական նվիրակի ուշադրությանը ներկայացրեց ավելի քան 8 ամիս Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի ներկա վիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Արամ Ա. Կաթողիկոս հիշեցրել է, որ «հայ եկեղեցին ու հայ ազգը միշտ երախտապարտ են եղել Հայաստանի ու Արցախի հարցով Նորին Սրբություն Ֆրանսիս Պապին եւ ընդհանրապես Վատիկանի զորակցական դիրքորոշումներին եւ հայտարարությունների համար»։
«Գիտենք, որ Պապը Արցախի շրջափակման առիթով իր մտահոգությունը հայտնել էր ու շեշտել՝ հնարավոր ջանքերով այն վերջ տալու անհետաձգելի հրամայականը»,- ասել է նա։
Շարունակելով իր խոսքը՝ Հայրապետն ասել է. «Մեր ազգի ջերմ սպասումն է, որ Արցախի նկատմամբ Վատիկանը շարունակի զանազան կերպերով իր զորակցությունը արտահայտել, հատկապես միջազգային շրջանակներում»։